Ռուսական «Дебор» եւ «Ногинский пищевой комбинат» ընկերությունները խոչընդոտում են «Մարիաննա» ընկերությանը՝ սեփական կաթնամթերքը մտցնել ռուսաստանյան շուկա՝ պատճառաբանելով, որ այդ լոգոյով անունն իրենց սեփականությունն է: Կաթնամթերք արտադրող ընկերությունը դիմել է մեր երկրի ՏՄՊՊՀ-ին՝ խնդրին լուծում տալու համար:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Մարիաննա» ընկերության փոխտնօրեն Տաթևիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ դեռևս  ամիսներ առաջ խնդիրն առկա է եղել. ռուսական ընկերությունը դիմել է «Դուստր Մարիաննա» ընկերությանը, որպեսզի այդ մակնշմամբ կաթնամթերքը չմտցնի ռուսական շուկա: Նշվել է, որ ապրանքանշանն արդեն իրենց սեփականությունն է, այդ իսկ պատճառով հայկական ընկերությունն իրավունք չունի նման ապրանք վաճառել ՌԴ-ում:

 

«Ռուսաստանում ինչ-որ մի կազմակերպություն, որն ընդհանրապես կապ չունի կաթնամթերթի արտադրության հետ, և արտադրում է միայն մայոնեզ և տարբեր տեսակի սոուսներ, ցուցահանդեսի ժամանակ մեզ ասաց՝ ««Մարիաննա» բրենդը մերն է ու դուք իրավունք չունեք այդ բրենդով ու լոգոյով մտնել ռուսաստանյան շուկա»,- ասաց «Մարիաննա» ընկերության փոխտնօրեն Տաթևիկ Հակոբյանը, հավելելով՝ իրենց ընկերությունը համապատասխանեցված է ԵՏՄ-ի պահանջներին. ՌԴ-ում ապրանքաշրջանառությամբ զբաղվող կազմակերպությունները հավանել են գործարանը և պայմանավորվածություններ են ձեռք բերել հայկական ընկերության հետ:

 

Ըստ մեր զրուցակցի՝ ռուսաստանյան շուկան ևս սպասում էր արտահանմանը, սակայն չհիմնավորված խոչընդոտներ են առաջանում:

 

Փոխտնօրենի փոխանցմամբ՝ իրենք դիմել են համապատասխան կազմակերպություն, որտեղ, ըստ օրենքի՝ խնդիրը պետք է լուծվի՝ ի օգուտ իրենց. «Ստացվեց այնպես, որ մի կազմակերպություն, որն ընդհանրապես կաթնամթերք չի արտադրել, ունի իրավունք՝ չթողնելու, որ մեր՝ «Մարիաննա» բրենդով տեսականին մտնի ռուսաստանյան շուկա»,- ասաց նա:

 

Հ.Գ. ԵՏՄ-ատենչ մեր իշխանությունները, ովքեր անընդհատ սազն առած ԵՏՄ-ի գովքն են անում, թող նման դեպքերին ուշադիր լինեն, թե, այսպես ասած, գործընկեր երկրում հայկական կազմակերպություններն ինչպիսի խնդիրների հետ են բախվում, թող նայեն ու հիշեն, թե ինչ խոստումներ էին տալիս հայկական ընկերություններին, թե՝ տեսե՛ք՝ ի դեմս Ռուսաստանի, ի՜նչ մեծ շուկա ենք ունենում: 


Սոնա Հարությունյան