«Նկատելի է, որ հայաստանյան քաղաքական կյանքում նվազել է կանանց ակտիվությունը և մասնակցությունը, ինչը, սակայն, դեմոկրատական քաղաքական համակարգի կարևորագույն ցուցիչներից է»: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ, դոցենտ Հասմիկ Շափաղաթյանը:

Ըստ նրա՝ այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում իրավիճակն այնպիսին է, որ կանայք մղվում են երկրորդ-երրորդ պլան և դիտվում որպես տղամարդկային մշակույթի ածանցյալ:

«Ի դեմս իշխանությունների վարած անհավասար քաղաքականության` ստեղծվել է արատավոր իրավիճակ, երբ խելացի և պոտենցիալ ունեցող կանայք դուրս են մղվել քաղաքական ոլորտից, փոխարենը ներգրավվել են հիմնականում նրանք, ովքեր անգամ պատկերացում չունեն քաղաքական ասպարեզում գործունեություն ծավալելու մասին, էլ չենք խոսում համապատասխան գիտելիքների և պատրաստվածության մասին: Փոխարենն՝ իշխանությունների ներսում ունեն ծանոթներ, բարեկամներ, հովանավորներ, ինչու չէ՝ նաև ֆինանսական ռեսուրսներ:

Այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ առաջին հայացքից օրենքներն ընդունվում են ժողովրդավարական ընթացակարգերով, չեն խախտվում սեռերի իրավունքները, և այս տեսանկյունից օրենսդրական դաշտը ընձեռում է հավասար հնարավորություններ: Այս ֆոնին՝ պետական այրերի դիրքորոշումը հանգում է հետևյալին. օրենքներն առկա են այս ոլորտում. եթե ի վիճակի եք կենսագործել ձեզ տրված հավասար հնարավորությունները սահմանված օրենքով, ապա՝ խնդրե՛մ: Սակայն պարզից էլ պարզ է, որ «հենց այստեղ է թաղված շան գլուխը», քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչպես են նախընտրական ցուցակներում հայտնվում բանից անտեղյակ կանայք»,- ասաց Շափաղաթյանը՝ առաջ քաշելով մի շարք խնդիրներ, որոնցից թվարկեց մի քանիսը.

-Թերևս կարևորներից է այն, որ չնայած կին ընտրողները մեծամասնություն են կազմում հասարակության մեջ, սակայն նրանք ամենաքիչն են վստահում կանանց, որովհետև նրանց մեջ չեն տեսնում արժանավորներին,

-Ի սկզբանե ավելի քիչ կին թեկնածուներ են առաջադրվում, քան տղամարդ, որի պատճառով էլ ընտրողը ռեալ հնարավորություն չի ստանում քվեարկելու նրանց օգտին,

-Տարվող սխալ քաղաքականության արդյունքում, ինչպես նաև ձևավորված և ամրացած ստերեոտիպերի առկայության պայմաններում՝ կան հոգեբանական արգելքներ /պատասախանատվություն, վախ, թերաժեքության զգացում և այլն/, որոնք սխալ են և արդյունք են ապասոցիալիզացիայի: 

-Ազատ մրցակցության բացակայությունը. ընտրություններն ավելի ու ավելի փողային բնույթ են ստանում, իսկ դրանով հիմնականում օժտված են տղամարդիկ, եթե չհաշվենք որոշ «արտոնյալ» կանանց

-Պատրիարխալ (տղամարդկային) կուսակցությունների թվի ավելացումը: Այն կապված է կապիտալի հետ, որն էլ հիմնականում տնօրինում են տղամարդիկ:

«Կանանց ձայնը լսելի դարձնելու, նրանց փորձառությունն ու իմաստությունը մեր հայրենիքի բարգավաճմանը ծառայեցնելու լավագույն միջոցը կանանց ակտիվացնելն է և սեփական օրինակով ցույց տալը, որ քաղաքականությամբ կարող են զբաղվել նաև բարոյական արժեհամակարգի կրող, իսկական հայ ընտանիքի մայր հանդիսացող, պոտենցիալ ունեցող կանայք, որոնք քիչ են արդի քաղաքական դաշտում:

«Միասնություն» համազգային շարժումն այդպիսի մի հարթակ է, ուր կանայք վստահաբար կարող են իրացնել իրենց ներուժը, դրանով լսելի լինել խոհանոցից դուրս, քաղաքական բարձր ատյաններում»,- ասաց մեր զրուցակիցը: