ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը։

 

-Պարոն Մարտիրոսյան, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հրաժարականը, ինչ-որ իմաստով, անակնկալ որոշում կարելի է համարել: Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է արդյոք հստակ մեսիջներ տեսնել Ուորլիքի փոփոխության մեջ, կամ ինչի՞ մասին կարող է այս ամենը վկայել:


-Ո՛չ իհարկե: Հերթական, սովորական փոփոխություն է ամենայն հավանականությամբ: Երկրում նախագահ է փոխվում և հնարավոր է, որ այս հարցում նույնպես քաղաքականության փոփոխություն լինի: Միայն ժամանակը ցույց կտա թե Արցախի հարցում ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումն ինչպիսին կլինի:

 

-Ձեր կարծիքով՝ Ամերիկան մտադիր է վերանայե՞լ հակամարտության կարգավորման գործում իր ունեցած շեշտադրումները, թե՞ սա ուղղակի աշխատանքային բնույթի կադրային տեղաշարժ է: Ընդամենը մի քանի ամիս անց՝ ընտրված նախագահ Թրամփը կանցնի իր պաշտոնեական լիազորություններին: Ի՞նչ եք կարծում, Ուորլիքի՝ ԱՄՆ կողմից իր համանախագահի փոփոխությունը կարո՞ղ է կապ ունենալ Թրամփի կողմից սպասվող ավելի մեղմ արտաքին քաղաքականության հետ. Աղերսներ կա՞ն այս երկու իրադարձությունների միջև:


- Որոշ հարցերում Թրամփի գիծը, դատելով իր նախընտրական խոստումներից, լինելու է առավել մեղմ, իսկ որոշ հարցերում՝ առավել կոշտ: Պետք է սպասել և տեսնել: Առայժմ ոչինչ հայտնի չէ և կռահել անգամ հնարավոր չէ:

 

- Հայտնի է, որ Օբամայի նախագահության օրոք՝ ռուս-ամերիկյան հարաբերություններն անկման փուլ թևակոխեցին ու հասան ճգնաժամային վիճակի: Որոշ հեղինակավոր միջազգային վերլուծաբաններ, միաբերան պնդում են, որ Թրամփի նախագահության շրջանը կարող է աչքի ընկնել այդ հարաբերությունների միջև առկա լարվածության մեղմացմամբ:


- Դա կանխատեսելու համար ամենևին անհրաժեշտ չէ հեղինակավոր միջազգային վերլուծաբան լինել: Թրամփն ինքն է այդ մասին բազմիցս խոսել: Թերևս՝ այո: Լարվածության նվազում կլինի: Կարծում եմ՝ հատկապես նախագահության առաջին փուլում: Եվ դա մեծապես պայմանավորված է Սիրիայի հարցում նոր նախագահի դիրքորոշմամբ: Այն գրեթե լիովին համընկնում է ռուսական տեսակետի հետ և այդ հարցում դա լավ և կարևոր մոտեցում է: Երկու երկրներն էլ Սիրիայում ոչնչացնում են ահաբեկիչներին: Համագործակցությունն այս հարցում միայն օգտակար կարող է լինել ողջ քաղաքակիրթ մարդկությանը:

 

-Ըստ Ձեզ՝ Թրամփի գալով երկու գերտերությունների երկխոսությունն ավելի կառուցողական բնույթ կստանա՞, թե՞ սպասելիքները կարող են չարդարացվել, և եթե այո՝ ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում օգտվել միջազգային բարենպաստ իրավիճակից և ինչպես կարող է այդ ամենն անդրադառնալ արցախյան հիմնահարցի վրա:


-Հայաստանը, վստահ եմ, որ որևէ կերպ՝ ոչ մի բանից չի պատրաստվում օգտվել: Այդ ե՞րբ է Հայաստանի երրորդ հանրապետությունն ընդհանրապես ինչ-որ բանից օգտվել: Խիստ կրավորական և գրագիտության մեծապես կասկածելի մակարդակ ունեցող արտաքին քաղաքականությամբ այս երկիրը չի կարող ոչ միայն որևէ խելացի միջազգային քայլ կատարել, այլև՝ ինքնուրույն քայլ կատարել: 

 

-Եթե Ամերիկան առավել նվազ ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարի, քան՝ հիմա՝ Մեծ Մերձավոր Արևելքում գնալով իրավիճակի մեղմացման և փորձի ռուսների հետ ավելի շատ համաձայնության գալ, քան մրցակցել, դա ինչպե՞ս կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա այդ՝ ըստ էության, տեկտոնական տեղաշարժը, կարո՞ղ ենք ակնկալել, որ Ալիևի առջև կանաչ լույս վառողները, ելնելով փոխգործակցության կառուցողական սկզբունքից, հետ կկանգնեն Անդրկովկասը հրի ճարակ դարձնելու իրենց հավանական պլաններից:


-Նախ՝ եթե կան մարդիկ, որ կարծում են, թե Միացյալ Նահանգներն ագրեսիվ արտաքին քաղաքականություն են վարել նախագահ Օբամայի օրոք՝ ապա նրանք պետք է նախ հիշեն նախագահ Բուշի հանցավոր քաղաքականությունը, դրանից առաջ՝ նախագահ Քլինթոնի բալկանյան վարքագիծը, դրանից առաջ՝ հայր Բուշի կեղծիքի վրա հիմնված արտաքին քաղաքականությունը և, իհարկե, նախագահ Ռեյգանի մեծապես ագրեսիվ և անմիտ քաղաքականությունն Աֆղանսատանում, որն ի վերջո հանգեցրեց թալիբանի կայացմանը: Օբամայի վարչակազմն ամենահավասարակշռված վարչակազմերից մեկն էր՝ իր լիբիական սխալով հանդերձ: Ամեն դեպքում այս նախագահը լավագույնն էր վերջին հիսուն տարիների ընթացքում և նրա քաղաքական ժառանգությունը հսկայական դրական կողմեր է պարունակում: Թե ինչպիսին կլինի նախագահ Թրամփը՝ դժվար է ասել: Դատելով հայտարարություններից՝ նա լինելու է ուժեղ նախագահ՝ ոչ ստանդարտ մոտեցումներով:

 

Սայթաքումներ, անշուշտ, կլինեն, բայց դրանք դեռևս առջևում են և այդ մասին վաղ է խոսելը: Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա այդ հարցի լուծումը, եթե այսպես գնա, հայկական կողմին պարտադրելու են Ադրբեջանն ու Թուրքիան: Ներկայիս Երևանը սեփական ճակատագիրը տնօրինելու ոչ տաղանդ, ոչ ձիրք և ոչ էլ ցանկություն չունի: Չգիտեմ, թե ովքեր ինչ են հրահրում, բայց որ հայկական կողմն ամորֆ է և սեփական շահերը գիտակցելիս՝ մեծապես սխալական՝ անհերքելի է: Նախքան Թրամփից ինչ-որ բան ակնկալելը՝ պետք է սեփական գիծը հստակեցնել և սկսել հասկանալ Արցախի խնդրի թաքնված կողմերը: Դա պաշտոնական Երևանում ոչ ոք ընդհանրապես անգամ չի էլ հասկանում: Անշուշտ, կարծում են, որ մասնագետներ են, գիտակներ, խելացի են և իմաստուն, բայց դա այդպես չէ: Ամենուր առկա է խոր անգիտություն, որ ճակատագրական կարող է լինել: Եվ այս հարցում ոչ միայն նախագահ Թրամփը, այլև՝ անգամ Տիգրան Մեծը անկարող կլինեին օգնել Երևանին:

 

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի