Հայաստանի բնակչության 25 տոկոսը համարվում է ծխող, սակայն կանանց շրջանում, ի համեմատություն աշխարհի ցուցանիշների, մեր երկրում ծխախոտ օգտագործողների թիվը զգալի ցածր է: Լրագրողներ հետ հանդիպմանը նման տեղեկատվություն հայտնեց ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: Նրա խոսքով' Հայաստանում 16 տարեկանների կեսից ավելին ծխող է: «Ծխախոտի օգտագործումը վարքագիծ է, որը երիտասարդներին փոխանցվում է ծնողներից»,-ասաց Բազարչյանը՝ հավելելով, որ ծխախոտի օգտագործումն ուղղակիորեն կապված է թոքի քաղցկեղի հետ: «Փորձագիտական հաշվարկներով, Հայաստանում տարեկան 3000-4000 մահ կարելի կլիներ կանխարգելել, եթե մարդիկ չծխեին: Միզապարկի քաղցկեղի համար եւս ծխախոտի օգտագործումը հանդիսանում է ռիսկի գործոն»,-ասաց նա:

ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը նշեց, որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում իրականացվում է ծխելու դեմ միջոցառումների շարք: «Արգելել ծխախոտային արդյունաբերությունը հնարավոր չէ, բայց մեր երկիրը ծխախոտի դեմ պայքարի քայլեր ձեռնարկում է հարկային եւ գնային քաղաքականության առումով»,-հավելեց բանախոսը: