«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի պաշտպանը բողոք է ներկայացրել իր պաշտպանյալի իրավունքների վերականգնման համար:

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը, հավելելով, որ այս պահին արդեն ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն այցելել են քրեակատարողական հիմնարկ և չի բացառվում, որ նույնիսկ նրան արդեն տեղափոխած լինեն սովորական խուց:

«Առանց հիմնավորման՝ իմ պաշտպանյալին տեղափոխել են պատժախուց, որտեղ անմարդկային պայմաններ են: Ես բողոքներ եմ հանձնել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, Քրեակատարողական վարչություն»,- ասաց նա:

Պաշտպանը հայտնեց նաև, որ նշված կառույցներից պահանջում է, որ ծառայողական քննություն իրականացնեն՝ պարզելու համար, թե ինչ հիմնավորմամբ են Արարատ Խանդոյանին տեղափոխել պատժախուց, և համապատասխան քայլեր ձեռնարկեն՝ նրա խախտված իրավունքները վերականգնելու և այլ խուց տեղափոխելու համար:

«Պահանջել եմ, որպեսզի իմ պաշտպանյալին տեղափոխեն այլ խուց: Այս պահին կարող եմ ասել, որ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն այցելել են քրեակատարողական հիմնարկ և չի բացառվում, որ իմ պաշտպանյալին տեղափոխած լինեն, ցույց տալու համար, թե նա անմարդկային պայմաններում չի պահվում, որպեսզի ՄԻՊ-ն էլ արձանագրի, թե ամեն ինչ նորմալ է: Այսինքն՝ ոնց եղել է միշտ: Այս պահին տեղեկություններ չունեմ, թե ինչ է կատարվում այնտեղ, բայց արդեն մեկ ժամից ավելի է, ինչ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն այնտեղ են»,- ասաց փաստաբանը:

Նշենք,որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել Արարատ Խանդոյանի գործով դատավարությունը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել հուլիսի 20-ին, Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ' 4-10 տարի ժամկետով:

Փաստաբանն հավելեց նաև, որ ինքը երեկ այցելել է Արարատ Խանդոյանին և հենց այդ ժամանակ է իմացել, որ նրան տեղափոխել են պատժախուց, սակայն, թե ինչ հիմնավորմամբ, փաստաբանը նշեց, որ տեղյակ չէ այդ մասին: «Երեկ եմ հանդիպել, որի ժամանակ էլ իմացա, որ պատժախուց է տեղափոխվել: Իսկ տեղափոխման պատճառը չգիտեմ»,- ասաց նա:

Փաստաբանը դժվարացավ ասել՝ նա այսօր կհանդիպի՞ իր պաշտպանյալին, թե՞ ոչ, սակայն նշեց, որ հնարավորության դեպքում անպայման տեսակցության կգնա:

 Արմինե Եփրեմյան