ՀՀԿ-ին Կարեն Կարապետյանի անդամագրության թեման իր հրատապությունը կկորցնի արդեն վաղը՝ կուսակցության համագումարի մեկնարկով։ Այս հանգամանքը Կարապետյանի կողմից, ըստ ամենայնի, հաշվարկված էր՝ անցանկալի իրադարձությունը քաղաքական եւ հանրային մեծ ռեզոնանսի չարժանացնելու համար։

Երեկ աչքովս սոցիոլոգիական հարցման թվեր ընկան։ Դրանք ինձ արժանահավատ թվացին, որովհետեւ մոտ են այն տրամադրություններին, որոնց հանդիպում եմ իմ շփումներում, շրջապատում։

Կարեն Կարապետյանն, ըստ այդ հարցման, պետական պաշտոնյաներից ամենաբարձր վարկանիշն ունի հասարակության մեջ։ Եթե խնդրին նայում ենք այս տեսակետից, ապա ՀՀԿ-ն երեկ «խոշոր լոտո» է շահել։ Սակայն հստակ է, որ Կարապետյանի այսօրվա ռեյտինգը գոյացել է հենց ՀՀԿ-ի հակառեյտինգից, որովհետեւ մարդիկ վարչապետի անձի մեջ չեն տեսել հանրապետականի «ավանդական կերպարը»։ Մի խոսքով՝ Կարապետյանը չի կարող իր ռեյտինգը «օժիտ» տանել ՀՀԿ։ Գուցե պարադոքսալ հնչի, բայց այդ «օժիտը» պետք չէ նաեւ հանրապետականներին, ովքեր երբեք էլ հույսներն ինչ-որ վարկանիշների վրա չեն դրել։ ՀՀԿ վերնախավին պետք էր հենց ինքը՝ Կարապետյանն, ավելի շուտ՝ նրա կառավարելիությունը։ Գուցե տարօրինակ հնչի, բայց Կարապետյանին էլ պետք է ՀՀԿ-ի կառավարելիությունը, իսկ դրա համար՝ ներս թափանցել, կառույցի ներսում գտնվել էր պետք։

Միայն ժամանակը ցույց կտա՝ երեկ ով է նվեր ստացել՝ Հանրապետակա՞նը՝ Կարապետյանի, թե՞ Կարապետյանը՝ ՀՀԿ-ի տեսքով։ Երկու դեպքում էլ՝ նվեր տվողը Սերժ Սարգսյանն է, ով սպասում է կողմերից յուրաքանչյուրի շնորհակալությանը։

Սարգիս Հակոբյան