ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ 16-րդ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում խոստացավ բոլոր հարցերին անդրադառնալ առաջիկայում հրավիրվելիք ասուլիսի ժամանակ, իսկ առայժմ նախընտրում է լրագրողների հարցերին պատասխանել կարճ ու կոնկրետ: Մասնավորապես անդրադառնալով իր անդամակցությանը՝ նորաթուխ Հանրապետականը նշեց, որ կիսում է կուսակցության գաղափարախոսությունը: «Ես յոթ կետերով հիմնավորել եմ, թե ինչու եմ անդամակցել ՀՀԿ-ին և ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե իրեն և մյուսներին պարտադրել են, որպեսզի անդամագրվեն ՀՀԿ-ին, վարչապետը այսպես արձագանքեց. «Չգիտեմ՝ ով ինչպես կմեկնաբանի, բայց ես օգտվելով առիթից կցանկանայի բոլորին շնորհակալություն հայտնել, որ իրենք (նկատի ունի նախարարներին- խմբ.) ակտիվ քաղաքական դիրքորոշում են ցուցաբերել և մասնակցում են այս գործընթացին»:

 

Նա ընդգծեց՝ մտավախություն չունի, որ ՀՀԿ-ի վարկաբեկված լինելը կարող է ազդել իր իմիջի վրա:

 

Նկատենք, որ վարչապետին զայրացրեց լրագրողների հարցերը: Կարապետյանը հորդորեց այդ հարցերը պահել առաջիկայում նախատեսվող ասուլիսի համար, իսկ երբ լրագրողները նրան հակադարձեցին, որ նման ասուլիսներին հրավիրվում են միայն այն լրատվամիջոնցերը, ովքեր սպասարկում են իշխանություններին, վարչապետը խոստացավ, որ այս անգամ ներկա կլինեն բոլորը: Եվ երբ լրագրողնեն համառեցին Կ. Կարապետյանը զայրացավ. «Թույլ կտաք, որպեսզի ես նորմալ շփվեմ իմ գործընկերների հետ»,- բարկացավ վարչապետը:

 

Ի դեպ՝ նույն լակոնիկ պատասխանները հնչեցին նաև մյուս նախարարների շուրթերից, ովքեր ևս ՀՀԿ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել: Մասնավորապես ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը քար կտրած՝ խուսափեց պատասխանել լրագրողների հերցերին: Նա նույնիսկ չանդրադարձավ ոլորտին առչվող հարցերին:

 


Ասում են, որ նախորդ անգամ լրագրողների հետ զրույցում նախարարի հայտարարությունները դուր չեն եկել ղեկավարներին, որին այս անգամ հորդորել են լրագրողների հարցերին պատասխանելուց զերծ մնալ: