Մամուլի բազմաթիվ վարկածներն իրականություն չդարձան։ Վարչապետ Կարեն Կարապետյանը անդամագրվեց ՀՀԿ-ին, նույնիսկ դարձավ նրա գործադիր մարմնի անդամ։ Բայց նա իր տեղը «կուսակցական արեւի» տակ ապահովեց՝ ոչ ի հաշիվ այն մարդկանց, ովքեր իշխանությունից հեռացան հենց Կարեն Կարապետյանի հայաստանյան վերադարձով։ ՀՀԿ Գործադիր մարմինն ընդարձակվեց՝ դառնալով իշխանական կոմպրոմիսի յուրահատուկ դրսեւորում։

Կարեն Կարապետյանը գուցե իսկապես «նոր ոգի» է ՀՀԿ-ի համար, բայց հասարակությանը դժվար է բացատրել, թե այդ «նոր ոգին» ինչպես է նույն ԳՄ-ում համատեղվելու հինը կամ քրեաօլիգարխիան խորհրդանշող Հովիկ Աբրահամյանի հետ։ Կամ հանրապետականները խոսում էին իրենց նոր՝ «հումանիստական» դեմքի մասին, սակայն ՀՀԿ համագումարում եւ ղեկավար մարմիններում օդիոզ դեմքերի պակաս չկար ու չկա։

ՀՀԿ Գործադիր մարմնի նոր կազմն ի չիք է դարձնում հնի ու նորի՝ առանց այդ էլ հեղհեղուկ սահմանը, հարաբերական դարձնում այն սահմանագիծը, որից անդին մեզ «հայկական Սինգապուր» էին խոստանում։

ՀՀԿ նոր ղեկավարությունը դժվար է միասնական քաղաքական թիմ համարել՝ ընդհանուր արժեհամակարգով կամ տեսլականով։ Սա ընդհանրապես ոչ թե քաղաքական թիմ է, այլ՝ ներիշխանական կոմպրոմիսի հետեւանք։ ՀՀԿ ԳՄ-ում հայտնվածներին միավորում է՝ ոչ թե ինչ-որ քաղաքական ծրագիր, այլ՝ բոլոր ռեսուրսները մեկտեղելու եւ առաջիկա ընտրություններում իշխանությունը պահպանելու բնազդը։

ԳՄ այսօր ընտրված կազմը՝ իր կառուցվածքով, ուղենշային է դառնալու կուսակցության համամասնական ցուցակի համար։ «Նոր ոգին» տիրապետելու է ՀՀԿ համամասնական ցուցակի տեսանելի հատվածում, «տոկոս խփողները» եղանակ են ստեղծելու ռեյտինգային ցուցակներում։

Ի դեպ, այս կատարյալ «քաղաքական աջաբսանդալը» երկու հետեւության տեղիք է տալիս։ 2017թ-ի խորհրդարանական ընտրություններն՝ որակապես նոր իշխանության ձեւավորման երաշխիքներ չեն ստեղծելու։ Այս պարագայում՝ այնքան էլ էական չէ, թե առաջիկա չորս-հինգ տարում ով է ղեկավարելու, ըստ էության, չբարեփոխված համակարգը։ Երկրորդ, կուսակցության ներսում՝ տարբեր կենտրոնների ազդեցությունը ֆորմալիզացնելով՝ Սերժ Սարգսյանը խիստ պահանջարկված է դարձնում իր քաղաքական դերակատարությունը։ Այդ թվում՝ նոր իշխանության ձեւավորման հարցում, նույնիսկ՝ դրանում առաջինի կարգավիճակը պահպանելու համար։

Սարգիս Հակոբյան