«Արեւմտահայերենը Հայաստանում. մարտահրավերներ, հեռանկարներ» համաժողովը համախմբել է լեզվագետների, հայագետների, պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների' քննարկելու հայաստանյան կրթական համակարգում արեւմտահայերենի դերին եւ ընդհանուր վիճակին, գրականության, գիտահետազոտության, համացանցի եւ լրատվական դաշտում դաշտում արեւմտահայերենի հետագա գործածմանն, ինչպես նաեւ պահպանմանը եւ զարգացմանն առնչվող հարցեր:

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Պալխեանն իր խոսքում կարեւորեց արեւմտահայերենի պահպանման եւ զարգացման հարցում ուղղորդված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

«Վերջին տարիներին սիրիահայերի՝ արևմտահայ մշակույթը կրողների տեղափոխությամբ հայրենիք ստեղծված է առարկայական հարթակ, որը նպաստում է արևմտահայերենի զորեղացմանը Հայաստանում։ Դա համախմբում է ու ստիպում, որ օր առաջ քայլեր ձեռնարկվեն աշխարհի վտանգված լեզուներից մեկը համարված արևմտահայերենի պահպանման, տարածման և գործածման համար»,- ասաց նա։

Հայաստանի գրողների միության առաջին քարտուղար Պետրոս Դեմիրճյանը շեշտեց, որ արեւմտահայերենի խնդիրը կրթության մեջ է եւ պետք է ուսուցումը սկսել նախակրթարանից, միջնակարգ դպրոցում սկսելն արդեն ուշ է:

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն էլ ընդգծեց, որ արեւմտահայերենը պետական լեզու է եւ պետական լեզվի բոլոր իրավունքները պետք է ունենա:

«Ամբողջ ազգով պետք է մասնակից լինենք այդ գործին»,-ասաց նա: