Այսօր խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է ԱԺ նոր կանոնակարգի նախագիծը։ Օրենսդրական այս նախագիծը հետեւանք է սահմանադրական փոփոխությունների եւ գործածության մեջ է մտնելու արդեն նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկին։

 

Ինչքանով ես եմ պատկերացնում խորհրդարանական համակարգն՝ այն նախագահականից գլխավորապես տարբերվում է նրանով, որ քաղաքական պատասխանատվության սուբյեկտ հանդիսանում է ոչ թե անձը, այլ՝ կուսակցությունը։ Օրինակ, ես կարող եմ համակրել որեւէ գործչի, բայց խորհրդարանական ընտրություններերում գուցե նրան քվե չտամ, որովհետեւ ընտրությունները համամասնական են ու ինձ կարող է դուր չգալ այն կուսակցությունը կամ իրատեսական չհամարեմ այն ծրագիրը, որոնց համար քվեարկելու եմ։ Այլ խոսքով՝ ես քվե եմ տալու առաջին հերթին կուսակցությանը՝ նրան վստահելով կաբինետի կազմավորումը, քաղաքականության առաջնահերթությունների որոշումը։ Եթե ապագա վարչապետը վատ կաշխատի, ես առաջին հերթին հաշիվ եմ պահանջելու այն կուսակցությունից, որն անբարեխիղճ է գտնվել իմ վստահության քվեի հարցում։

 

Եթե կուսակցությունների պատասխանատվությունը մեծանում է, նրանք համապատասխան գործիքակազմ պետք է ունենան՝ հանրային վստահության իրենց բաժինն իրացնելու համար։ Այդ առումով՝ ԱԺ նոր կանոնակարգի շրջանառվող նախագծի մի դրույթ՝ ինձ, մեղմ ասած, տրամաբանական չի թվում։ Նոր օրինագծով նախատեսվում է հանել խմբակցությունը լքելուց հետո մանդատը վայր դնելու պարտադրանքը։ Ասել կուզի՝ պատգամավորը կարող է անարգել դուրս գալ որեւէ խմբակցությունից, մաս կազմել մյուսին։

 

Հեղինակներն ասում են, որ պատգամավորի մանդատը հրամայական չէ, որ նա ազատ է իր գործունեության մեջ։ Ձեռքի հետ՝ շրջանառվում է դեմագոգիկ մի թեզ, որ կուսակցությունն է անհատներին պարտական քվեների համար։ Ասվածը՝ եթե նույնիսկ հարյուր տոկոսանոց ճշմարտություն է, ապա վերաբերում է կուսակցության լիդերներին կամ համամասնական ցուցակի առաջին համարներին, որոնց պարագայում գրեթե բացառվում է ճամբարփոխությունը, իշխանության ճնշումներին ու գայթակղություններին տրվելը։

 

Հատկապես Հայաստանի պարագայում՝ օրենսդրական նման դրույթ ամրագրելը խիստ վտանգավոր է, եւ, ըստ էության, լեգիտիմացվում է ընդդիմադիր պատգամավորներին վախեցնելու կամ նրանց կաշառելու արատավոր պրակտիկան։ Ասենք՝ նոր կառավարության ձեւավորման համար կարող է պակասել մի քանի ձայն։ Այս իրավիճակն ունի քաղաքական երկու լուծում՝ կա՛մ անցկացնել նոր ընտրություններ, կա՛մ փոխզիջման գնալ ընդդիմության հետ՝ մեծ կոալիցիա ստեղծելու ճանապարհով։ Բայց սա քաղաքական ճանապարհն է, որին մեր իշխանությունները պատրաստ չեն։ Նրանք կգնան Վանաձորի քաղաքապետի ընտրության ճանապարհով (ներքուստ համոզված եմ, որ ԱԺ նոր կանոնակարգի դրույթի կենսունակությունը փորձարկվել է հենց Վանաձորում), երբ ՀՀԿ թեկնածուի ընտրության համար «գնվեցին» կամ ահաբեկվեցին ավագանու ընդդիմադիր մի քանի անդամներ։

 

Նոր կառավարության կամ նոր քաղաքապետի լեգիտիմությունը ստորադասվում է իշխանությունն ամեն կերպ պահելու մոլուցքին։

 

Տեսականորեն հնարավոր է, որ մյուս տարվա գարնանը ժողովուրդն ընտրի համեմատաբար ընդդիմադիր խորհրդարան, որը, ժամանակի ընթացքում, դառնա գործադիր իշխանության կցորդը։ Ֆորմալ առումով՝ քաղաքական ճգնաժամ կամ լեգիտիմության դեֆիցիտ չի առաջանա, որովհետեւ ԱԺ նոր կանոնակարգը թույլատրում է ճամբարփոխությունն՝ առանց մանդատի կորստի։

 

Սարգիս Հակոբյան