Դժվար է անգամ պատկերացնել իրավիճակ, երբ հարկադիր կերպով ծնողից հեռացնում են իր երեխային: Հոգեկան ծանր ապրումներ, անկառավարելի իրավիճակ, զայրույթ, վիճաբանություն: Ահա այն ամենը, ինչ կպատահի, երբ ընդունվի «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը եւ պետությունը փորձի ստիպողաբար ծնողից առանձնացնել երեխային:

Օրերս համացանցի հայկական տիրույթում տարածվեց մի տեսանյութ, որտեղ ներկայացված էր եվրոպացի ընտանիքների պատմությունները, որոնք զուգակցված էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Արամ Վարդևանյանի խոսքով՝ «Եթե օրենքը ենթադրում է, որ դատարանի ուժի մեջ մտած վճիռը պետք է կատարվի, ապա այն պետք է կատարվի: Չնայած՝ կլինեն գոռգոռոցներ, կլինեն ծանր հոգեկան և հոգեբանական իրավիճակներ, այն պետք է կատարվի»:

Տեսանյութը մեծ քննադատությունների արժանացավ, հերթն անգամ հասավ անձնական վիրավորանքներին.

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արամ Վարդևանյանը զարմացավ, թե ինչու է ինքը հայտնվել քննադատությունների թիրախում, ասաց նաև, որ ժպիտով է վերաբերվում դրանց:

«Եվ՛ վարչապետը, և՛ ես, ավանդական հայկական գաղափարախոսության, արժեհամակարգի կրողն ենք»,- ասաց Արամ Վարդևանյանը և հավելեց՝ որպես իրավաբան՝ հստակ գիտակցում եմ՝ որտեղ է ավարտվում խոսքի ազատությունը, և կոչ եմ անում այլոց ևս գիտակցել՝ որտեղ է սկսվում վիրավորանքը, որտեղ է սկսվում առողջ բանավեճը, և սիրով պատրաստ եմ ցանկացած մասնագիտական բանավեճի: Ցանկացած բան չպետք է ներկայացվի միակողմանիորեն»:

Արամ Վարդևանյանը նշեց նաև, որ ընտանեկան բռնության մասին օրենքը, որը նույնիսկ լայնորեն շրջանառության մեջ դրված չէ, և չի համապատասխանում փաստաթղթի բոլոր տարրերին, քննարկելը տրամաբանական չի համարում:

«Տեսանյութում իմ հնչեցրած խոսքը ներկայացվում է զուտ այն մասով, որ ես նշում եմ՝ դատարանի մեջ մտած վճիռը պետք է կատարվի: Դա գործել է նույնիսկ 1980 թվականին, ցանկացած երկրում, քանի որ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները ենթակա են հարկադիր կատարման՝ անկախ զգացմունքային իրավիճակներից,- ասաց նա և հավելեց,- սա իրավական պետության և արդարության հասարակ պահանջ է»:

Արամ Վարդևանյանի կարծիքով՝ հավանաբար մտահոգությունն այն է, որ կլինեն անհիմն դեպքեր, երբ երեխաներին առանց դատավճռի, ինչ-ինչ կասկածելի դեպքերում կհեռացնեն ծնողներից:

Օրենքը նման կարգավորում կարող է կանխատեսել:

Արամ Վարդևանյանի խոսքով՝ իրավունքի գերակայությունը ենթադրում է թե՛ ծնողների, թե՛ երեխայի շահերի պաշտպանություն, և կամայականորեն երեխային ընտանիքից տանելու դրույթը կհամարվի հակասահմանադրական: 

Սոնա Հարությունյան