Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահը ողբերգություն է Կուբայի աղքատ բնակչության ու մի քանի, այսպես կոչված, իզգոյ պետությունների համար, որոնք սգո օրեր են հայտարարել։

ԱՄՆ-ում հաստատված կուբացի էմիգրանտները, հակառակը, ցնծության մեջ են։ Արեւմտյան առաջնորդներն իրենց գնահատականներում պահպանում են կոռեկտությունն ու ավելի զուսպ են, բայց միեւնույնն է՝ բոլորի ընդհանրական գնահատականն այն է, որ կյանքից հեռացածը դաժան բռնապետ էր։

Այսքանով հանդերձ՝ ոչ ոք չի հերքում, որ Կաստրոյին հաջողվել էր ստեղծել բարձրակարգ բժշկություն, ընդ որում՝ անվճար։ Ամբողջ խնդիրն այն է, որ մարդկանց եւ նրանց ստեղծած մոդելների գնահատման համար՝ գոյություն ունի պարզ մի մեխանիզմ։

Եթե ստեղծվում է համակարգ, որում մարդը դառնում է որեւէ՝ նույնիսկ ամենալուսավոր, գաղափարախոսության պատանդ, ապա շատ շուտով գործ ենք ունենում բռնապետության հետ, որը կարող է ապահովել ինչ-որ ցուցանիշներ, բայց, մեծ հաշվով, «մսաղաց» է քաղաքացիների համար։

Այդպիսի պետություն էր նաև Սովետական Հայաստանը, որ ստեղծվել է 96 տարի առաջ՝ այս օրը։
Ոմանք կարոտով հիշում են տնտեսական բարեկեցության մասին՝ մոռանալով, որ այդ հասարակարգի հիմքում ոչ թե մարդու բարեկեցությունն էր, այլ՝ «աղքատների հավասարության» սկզբունքը։ Զարգացած տնտեսության թեզն ընդհանրապես փուչիկ է, որովհետեւ բավական էր՝ փլուզվեր ԽՍՀՄ-ը, որ, օրինակ, արդյունաբերական «հսկա»
«Նաիրիտ»-ը կորցներ շուկաները՝ վերածվելով անլուծելի գլխացավանքի։

Այո', Սովետական Հայաստանում զարգացել են կրթությունն ու առողջապահությունը, սակայն այդ համակարգերի հիմքում ամուր դրված էր «մաղարիչի փիլիսոփայությունը»։ Քաղաքաշինության զարգացումը բլեֆ էր, որի հետեւանքներն անդառնալիորեն ապրեցինք Սպիտակի երկրաշարժի օրերին։

Սակայն ամենակարեւորը՝ խորհրդային համակարգը մարդկանց պարտադրում էր միանման մտածողություն՝ ընդդիմախոսների կամ պարզապես չհամաձայնողների համար դառնալով «մսաղաց»։

ՀԽՍՀ-ն ստեղծվեց՝ Առաջին հանրապետության հաշվին, նրա փլատակների վրա։ Խորհրդայնացման գինը՝ ազգային մտավորականության, ազատ մարդու ոչնչացումն էր, Ղարաբաղի, Նախիջևանի, Կարսի օտարումը՝ Հայաստանից։ Մեր խորհրդային «մեղքերի» համար հատուցեցինք հազարավոր հայորդիների կյանքով, ովքեր նահատակվեցին՝ հանուն Արցախի ազատության։

Նոյեմբերի 29-ը՝ ոչ վաղ անցյալի օրացույցում, նշված էր կարմիր գույնով։ Այսօր փոխվել է այդ «կարմիրի» ընկալումը՝ նույնացվելով արյունոտ էջերի հետ։

Սարգիս Հակոբյան