«Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչելու վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ, ով պատրաստակամություն էր հայտնել գործարանի վերագործարկման համար 100 մլն դրամ ներդնել:

-Պարոն Գրիգորյան, դատարանը «Նաիրիտ» գործարանը արագացված ռեժիմով սնանկ ճանաչեց: Ինչի՞ մասին է սա վկայում:

-Մեզ տեղեկացրին, որ արագացված ռեժիմով կատարվել է «Նաիրիտ» գործարանի սննկացման գործընթացը և վերջացել է այն: Կարծում եմ՝ սա մեծ հանցագործություն է մեր երկրի և ազգի նկատմամբ: Չէ որ Հոլդինգը ամբողջովին և ամեն ինչով պատրաստ էր անսահմանափակ ֆինանսական միջոցների ներդրմամբ գործարանը վերագործարկել, իսկ մեր մասնագիտական մոտեցման մասին Հայաստանը կարող էր միայն երազել, որ այս մակարդակի ներդրողների կարողանայինք երբևիցե ներգրավել։ Էլ չեմ ասում, որ մեր աշխատանքները դեռևս ավարտված չէին, մենք ունեինք պոտենցիալ ներդրումներ անել ցանկացողների մեծ քանակություն, անգամ ավելի շատ, քան հարկավոր էր: Ես ինքս զարմացած էի, թե ինչ մոտեցում կա դրսում մեր «Նաիրիտ»-ի վերականգնման շուրջ և ինչ տարօրինակ վերաբերմունք մեր Կառավարության կողմից:

Ես Երևանում ամիսուկես առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցի, որ սրա հետևը այլ բան կա: Բացարձակապես չի կարելի թույլ տալ նույնիսկ մտածել, որ ՀՀ Կառավարությունը կամ վարչապետ Կարեն Կարապետյանն այնքան խելոք չեն կամ մասնագիտական առումով այնքան զրո են, որ չեն հասկանում՝ եթե կա ներդրող, ապա՝ վերականգնման խնդիրները ներդրողի վրա են թողնում, ոչ թե հոգացավ մայրիկի պես սկսում են ներդրողի գումարների մասին մտածել: Նման անմիտ և ծիծաղելի մոտեցում մանավանդ Կարեն Կարապետյանից, որին 20 տարի եմ ճանաչում, չէի սպասում: Մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի, որ սրա հետևը այն մի քանի հարյուր միլիոն կողոպուտն է և միակ պատճառը, որի հետևանքով ՀՀ ղեկավարությունը շատ ավելի հոգատար է ներդրողների գումարների հարցում, քան իրենք՝ ներդրողները:

-Ո՞րն է Ձեր հստակ եզրակացությունն այս ամենից։

-Կարճ ասած՝ մեր հստակ եզրակացությունը հետևյալն է. ՀՀ իշխանությունները թքած ունեն երկրի վրա: Նրանց համար կարևորը նախորդ հանցագործությունները պարտակելն է՝ անգամ տնտեսության ոչնչացման գնով: Սա ևս մեկ անգամ հայտարարում եմ ամբողջ պատասխանատվությամբ:

Հիշեցնենք, որ գործարանի դեմ դեռևս 2015 թվականին դատական հայց էր ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելու պահանջով։ Գործարանը պարտքեր ուներ և ՀԷՑ-ին, և Երևանի ՋԷԿ-ին։ Ի դեպ՝  ուշագրավ է, որ «Նաիրիտ»-ի սնանկության գործով դատական նիստը նշանակվել էր 2017 թվականի հունվարի 25-ին, սակայն, ինչպես երևաց, ամեն ինչ պետք էր ավելի շուտ ավարտել։ Անհասկանալի է մնում, թե ինչու միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատականող «ՀԷՑ»-ին որպես գործիք օգտագործեցին՝ գործարանը սննկացնելու համար։ Նման վճիռ է կայացվել այն ժամանակ, երբ եվրոպական ընկերության կողմից ներկայացվել էր առաջարկ՝ «Նաիրիտ»-ը վերագործարկելու համար, իսկ Էներգետիկայի նախարարության կողմից հայտարարվել էր մրցույթ՝ մինչև 2017թ-ի հունվարի 20-ը առաջարկներ ներկայացնելու պայմանով և հանկարծ՝ օգտագործում են Սամվել Կարապետյանի ազդեցությունը «ՀԷՑ»-ի ներկայիս ղեկավարության նկատմամբ՝ «Նաիրիտ»-ը շտապ կարգով սնանակացելու գործում: Ու՞մ էր ձեռք տալիս սա: Պատասխանը միանշանակ չէ, բայց փաստ է, որ ՀՀ իշխանությունները և նոր Կառավարությունը՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, շատ արագ լուծեցին «Նաիրիտ»-ի հարցը:

Քրիստինա Աղալարյան