Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը ապատեղեկատվություն է որակում տարածված այն տեղեկությունները, թե Սեֆիլյանը Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է մեկ այլ քրեակատարողական հիմնարկ: Փաստաբանը վստահեցնում է, որ իր պաշտպանյալն այս պահին էլ գտնվում է Վարդաշենում: 

 

«Մամուլում, համառորեն, երկու օր է՝ լուրեր են շրջանառվում, թե Ժիրայր Սեֆլյանը Վարդաշենից տեղափոխվել է, բայց ես Ձեզ պաշտոնապես ասում եմ, որ Սեֆիլյանն այս պահին գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, և չի էլ տեղափոխվել, քանի որ նման անհրաժեշտություն չի եղել: Այն տեղեկությունները, թե նա տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ, չեն համապատասխանում իրականությանը»,- ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնեց փաստաբանը՝ ընդգծելով, որ Ժիրայր Սեֆիլյանը հետագայում ևս չի տեղափոխվելու:

 

Մեր ճշտող հարցին՝ գուցե առաջիկայո՞ւմ տեղափոխվի, փաստաբանն ավելացրեց, որ դրա անհրաժեշտությունը չկա: «Տեղափոխման մտադրության մասին նրանց հայտնել են, բայց նա չի տեղափոխվել: Պաշտոնապես պատճառաբանվել է, որ այն հատվածը, որտեղ գտնվում է Սեֆիլյանը մի քանի այլ կալանավորների հետ, պետք է վերանորոգվի: Մենք, իհարկե, տեղափոխման իրական պատճառը դա չէ, որ համարում ենք, բայց տեղափոխման անհրաժեշտություն՝ այս պահին չկա: Այլ մանրամասներ՝ այս պահին չեմ կարող ասել»,- հավելեց փաստաբանը:

 

Հնարավո՞ր է, որ Սեֆլյանը տեղափոխվի մեկ այլ բանտախուց, քանի որ ըստ պաշտոնական վարկածի՝ այդ հատվածը պետք է վերանորոգվի, փաստբանը դժվարանում է ասել, բայց եթե այդպիսի մտադրություն լինի, ինքն այդ մասին անպայման կիմանա: «Ես հանդիպել եմ Ժիրայր Սեֆլյանի հետ, առայժմ այդպիսի մտադրություն չկա: Իմ տեղեկություններով՝ նա այս պահին էլ գտնվում է այն խցում, որում պահվել է վերջին ժամանակահատվածում: Արդեն բավականին տևական ժամանակ է, ինչ Սեֆիլյանն այդ խցում է, և խոսքը գնում է ոչ թե նրան խցից խուց, այլ մեկ ուրիշ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին»,- եզրափակեց նա: