Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով Թուրքիա-Ռուսաստան համատեղ ռազմավարական պլանավորման հինգերորդ ժողովին մասնակցելու նպատակով գտնվում է Անթալիայում, համատեղ մամուլի ասուլիս է կազմակերպել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

Արտգործնախարարները լրագրողներին հայտնել են, որ երկկողմ հանդիպմանը խոսել են Սիրիայում տիրող իրավիճակի, սևծովյան և կովկասյան տարածաշրջանի, «Թուրքական հոսքի» մասին:

Չավուշօղլուն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մեծ աղմուկ բարձրացրած հայտարարությանը, համաձայն որի' Թուրքիան Սիրիայում գործողություններ է իրականացնում «Ասադի իշխանությունը տապալելու համար»: «Թուրքիայի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության նպատակը հստակ է: Մենք ցանկանում ենք այս շրջանը մաքրել «Իսլամական պետություն» խմբավորումից: Անհրաժեշտ է Իրաքն ու Սիրիան ամբողջությամբ մաքրել: Իսկ Ասադի թեմայով մեր տեսակետը վաղուց հայտնի է»,- ասել է նա' հույս հայտնելով շարունակել Ռուսաստանի հետ հա մագործակցությունը: