ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ բարձրացնելով քրեական գործով վարույթի շրջանակներում քաղաքացիների անձնագրերը վերցնելու, ինչպես նաև նրանց նկատմամբ հանրապետությունից դուրս գալու արգելքի հետ կապված խնդիրները:

 

Սահմանադրական դատարանին ուղղված դիմումում նախևառաջ ուսումնասիրվել են անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը երաշխավորող միջազգային իրավական մոտեցումները և ՀՀ սահմանադրության պահանջները: Դրա հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվել են ինչպես քաղաքացիների իրավունքներին այդպիսի միջամտություն ենթադրող գործող օրենսդրական կարգավորումները, այնպես էլ իրավակիրառ պրակտիկան' հիմնվելով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների քննարկման արդյունքների վրա:

 

Դիմումում, մասնավորապես, նշվել է, որ քրեական գործով վարույթի շրջանակներում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց անձնագրերը վերցնելու, վերջիններիս հանրապետությունից դուրս գալու հնարավորությունից զրկելու ընթացակարգերը չեն բխում Սահմանադրության և քրեադատավարական օրենսդրության կարգավորումներից և չեն բավարարում որոշակիության, կանխատեսելիության և թափանցիկության պահանջները' այդպիսով իրական խոչընդոտ հանդիսանալով նաև անձի սահմանադրական այլ իրավունքների լիարժեք իրացման համար:

 

Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված քաղաքացիների բողոքների ուսումնասիրության արդյունքներով դիմումում քննարկման առարկա է դարձել քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձանց (օրինակ' տուժողի կամ վկայի) անձնագրերը վերցնելու և վերջիններիս նկատմամբ հանրապետությունից դուրս գալու արգելք սահմանելու պրակտիկան: