ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտո նեական լիազորությունները չարաշահելու համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, կիրառվել է կալանավորումը:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության աշխատակիցների կողմից «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտմամբ երեք աղջիկներ՝ Ալլա Կ.-ն, Լուիզա Չ.-ն և Դիաննա Մ.-ն 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:10-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում տեսակցել են 3 դատապարտյալների հետ։

 

Մասնավորապես՝ իրականացված ստուգումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատապարտյալներ Ա. Դ.-ին, Գ. Ա.-ին և Հ. Ա.-ին տեսակցություն տրամադրելու համար օրենքով սահմանված և անհրաժեշտ պայմանի բացակայության դեպքում տեսակցությունների կազմակերպման և իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում, փաստացի կազմակերպել և իրականացրել են մարմնավաճառությամբ զբաղվող Ալլա Կ.-ի, Լուիզա Չ.-ի և Դիաննա Մ.-ի տեսակցությունը, տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող հիշյալ դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:

 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: