Մեզ հասած տեղեկություններով` Անի Զախարյանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը հովանավորվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից:

 

Պարզաբանումներ ստանալու համար ԼՈւՐԵՐ.com-ը կապ հաստատեց կուսակցության ղեկավարի հետ:

 

Վերջինս միտքը որակեց`«ծիծաղելի»: «Դա անհեթեթություն է: Այսքան ժամանակ ես Սամվել Ալեքսանյանին տեսել եմ անկախության տոնին նվիրված միջոցառման ժամանակ՝ Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում: Ես` որպես կուսակցության ղեկավար, հրավիրված էի, և այդ մի անգամն եմ առնչվել նրա հետ», - ասաց Անի Զախարյանը:

 

Այն հարցին` այդ դեպքում ի՞նչ միջոցներով է շարունակում գործել կուսակցությունը, Անի Զախարյանը պատասխանեց.

 

«Այս պահին մենք ֆինանսական որևէ բան չենք դրսևորում, որ հովանավորության մասին խոսք լինի»:

 

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարի խոսքով` իր ծավալած գործունեության երեք տարիների ընթացքում ֆինանսական առումով որևէ մեկին չի դիմել: «Ընդհակառակը, եթե այս երկրում կային այդպիսի հայրենասեր և նյութական ռեսուրսների տիրապետող մարդիկ, իրենք պետք է դիմեին ինձ և ասեին. «Անի ջան, պատրաստ ենք ներդնել այս գումարը, լավ գործ ես սկսել, ուզում ենք կողքիդ կանգնել»: Նշանակում է՝ այդ ռեսուրսը չկա ո՛չ Հայաստանի ներսում, ոչ էլ՝ դրսում», - ասաց նա:

 

Անի Զախարյանի կարծիքով` ֆինանսն ընդամենը միջոց է, կարևորը գաղափարն է, կարևորն այն քաղաքական պոտենցիալն է, որը գործիչը կամ թիմը կրում է կամ չի կրում, և կարևորն այն վստահությունն է, որ ձեռք է բերվել լայն հասարակության և հանրության շրջանակներում:

Սոնա Հարությունյան