Այն, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններն իրենց նշանակությամբ ու կշիռով շատ ավելին են լինելու, քան բոլոր նախորդներն, այլևս հայտնի է նույնիսկ նրանց, ովքեր քաղաքականության նկատմամբ այնքան էլ մեծ սեր ու հետաքրքրություն չեն տածում. վերջին ժամանակներս այնքան շատ է խոսվում ընտրություններով ներքաղաքական կյանքում նոր էջ բացելու մասին, որ դժար է չտրվել ազդեցությանը: Ավելորդ չէ նկատել նաև, որ գալիք իրադարձությամբ պակաս հետաքրքված չեն նաև արտաքին ուժերը, որոնք, ելնելով աշխարհաքաղաքական շահերից, փորձում են սեփական ազդեցությունն ունենալ ընտրական գործընթացների ու դրանց հետևանքով գրանցվելիք արդյունքների վրա. թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը սեփական հաշվարկներն ունեն այս ամենի հետ կապված ու առաջիկայում փորձելու են Հայաստանում հասնել իրենց պահանջմունքների առավելագույն բավարարմանը:


Բայց եթե այս հարցում Ռուսաստանն առանձնապես մտահոգվելու կարիք չունի, քանի որ, գաղտնիք չէ՝ Հայաստանի քաղաքական ողջ էսթեբլիշմենթն է ռուսաֆիկացված, իսկ քաղաքական օրակարգի հինական շեշտադրումներն էլ, որպես կանոն, կրեմլյան ծագում ունեն, ապա Արևմուտքը ստիպված է հավելյալ ջանքեր գործադրել' ուժերի գոնե ձևական բալանսը պահպանելու համար:


Ինչպես հայտնի է՝ օրերս «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ, ու նախատեսվում է, որ դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հանդես են գալու համատեղ հայտարարությամբ։ Եթե սրանց հաջողվի դաշինք կազմել ու ընտրություններին ընդառաջ միավորվել, ապա կարելի կլինի պնդել, որ հանձինս սույն ուժերի՝ ապագա խորհրդարանում ևս ունենալու ենք արևմտամետ կոնտինգենտ:

 

Այսինքն' չնայած կարծիքներ էին հնչում, թե Կարապետյանի' ՀՀ վարչապետ դառնալով Արևմուտքը Հայաստանում կարող է թուլացնել իր դիրքերն ու հետզհետե դուրս մղվել այստեղից, կյանքը փաստեց, որ այդօրինակ կանխատեսումները չարդարացվեցին: Իհարկե, պետք է նկատել,որ կանխատեսումների չարդարացման գործում պակաս ներդրում չունեցավ հենց նույն Արևմուտքը, երբ գրեթե բաց տեքստով ակնարկներ հնչեցին այն մասին, թե որքան մեծ ազդեցություն են ունենալու 2017-ի խորհրդարանական ընտրություններն ու դրանց արդյունքները՝ Հայատանի հետագա ճակատագրի վրա: Սա, ըստ էության, «մեսիջ» էր' ուղղված իշխանություններին, որ չփորձեն միակողմանի խաղ վարել ու անտեսել կարևորագույն աշխարհաքաղաքական բևեռի շահերը՝ Հայաստանում. դատելով դաշտում տեղի ունեցող գործընթացներից' կարելի է ասել, որ համապատասխան ուղերձը լսելի է դարձել:

 

Բայց այս ողջ պատմության մեջ մեկ կարևորագույն հարց, այնուամենանիվ, բաց է մնում' որտե՞ղ է այս ամենում ՀՀ շարքային քաղաքացու շահը: Չէ՞ որ, վերջիվերջո, այս ամենի հիմնական շահառուն հենց նա է: Այս առումով, ցավոք, պետք է նկատել, որ սույն հարցն ամենավերջին տեղում է գտնվում թե՛ իշխանությունների, թե՛ նույն արևմտամետների համար, քանի որ գաղտնիք չէ' քաղաքական ուժերի բացարձակ մեծամասնությունը գեթ մեկ հարց է փորձում լուծել. օգտագործելով ժողովրդի անունը' մնալ ջրի երեսին, լուսանցքից դուրս չհայտնվել:


Միայն այն, որ արևմտամետ դաշինքի մաս են կազմելու ուժեր, որոնք, մեղմ ասած, երբեք էլ աչքի չեն ընկել իրենց անկանխատեսելիությամբ, խոսում է այն մասին, որ սրանք շատ հարմար կարող են լինել ՀՀԿ-ի համար, բայց անհարմար' ժողովրդի. դժվար թե արևմտամետ ընդդիմադիրները կարողանան դառնալ ապագա խորհրդարանում հասարակության շահերի համար պայքար մղող ուժ, քանի որ առնվազն քաղաքական կենսագրության առումով՝ խոցելի կողմեր շատ ունեն: Այնպես որ, իշխանությունների համար սրանք շատ ձեռնտու են. Արևմուտքին ցույց տալու բան կունենան' առանց իրենց համար ռեալ սպառնալիք ստեղծելու…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ