Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը մարդաշատ էր: Հարազատները, ընկերները, ծանոթ ու անծանոթ մարդիկ եկել էին ունկնդրելու ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանին նվիրված դասական երաժշտության համերգը: Ներկաների շարքում էին նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ինչպես նաեւ պատերազմում հերոսաբար ընկած այլ զինծառայողների ծնողները:

 

Մանկության ընկերների նախաձեռնությամբ կազմակերպված համերգի ընթացքում Կոմիտասի, Շոստակովիչի, Բախի, Ռախմանինովի եւ այլ մեծերի ստեղծագործությունները հնչեցրին հենց իրենք՝ երաժիշտ ընկերները՝ հուզված, բայց եւ հպարտ, որ եւս մեկ անգամ հիշում եւ լսել են տալիս հերոս ընկերոջ մասին:

 

«Մտածեցինք, թե ինչ ձեւով կարող ենք եւս մեկ անգամ վառ պահել մեր ընկերոջ հիշատակը, եւ քանի որ մենք բոլորս երաժիշտներ ենք, որոշեցինք այս կերպ համախմբվել այս գործի շուրջ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ադամի մանկության ընկեր, ջութակահար Միքայել Թոփչյանը:

 

Համերգի ընթացքում առաջին անգամ հնչեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի՝ հատուկ հերոսի համար գրված ստեղծագործությունը:

 

Մաեստրո Մանսուրյանը տպավորված էր երիտասարդների ելույթներով: Նրա խոսքով՝ երեկոն եւս մեկ անգամ ներկայացրեց հայ երիտասարդների ներկայիս իրական նկարագիրը:

 

«Սա նշանակում է ապրած կյանքի վրա մի շքեղ ու գեղեցիկ ծաղկեփունջ դնել, որն անում են ընկերները: Շատ լավ երեկո էր՝ անչափ գեղեցիկ ու հուզիչ. երբեմն դաժան երեւույթները, մարդկային հարաբերությունները մարդկային արժեքի վրա բացասական ազդեցություն ունեն՝ դա պատերազմն է, մարդկային չարությունները, այս երեկոն կոչված է մարդու արժեքը բարձրացնելու մի նոր աստիճանի: Շատ գնահատելի էր նաեւ Ռոբերտ Ամիրխանյանի այս քայլը, կարող եմ ասել, որ սա ավագ արվեստագետի գեղեցիկ քայլ էր»,-մեզ հետ զրույցում նշեց կոմպոզիտորը: