Ուզբեկստանի նախագահի պաշտոնակատար, վարչապետ Շավկաթ Միրզիյոեւը հաղթանակ է տարել պետության ղեկավարի ընտրություններում՝ հավաքելով ձայների 88,61 տոկոսը: Այդ մասին հայտնել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Միրզա Ուլուգբեկ Աբդուսալոմովը:

 

«Միրզիյոեւի օգտին ձայն է տվել 15 միլիոն 906 հազար 724 մարդ կամ քվեարկությանը մասնակցածների թվից ընտրողների 88,61 տոկոսը»,-ասել է նա դեկտեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ընթացքում:

 

«Ուզբեկստանի Հանրապետության նախագահի ընտրությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածին համապատասխան, դա իրավունք է տալիս Միրզիյոեւին համարել պետության ընտրված ղեկավար:

 

Միրզիյոեւը նախագահի թեկնածու էր առաջադրվել Ձեռնարկատերերի եւ գործարարների շարժման- Ուզբեկստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից:

 

Ուզբեկստանում արտահերթ ընտրություններ են անցկացվել հանրապետության նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ: Նա 79 տարեկան հասակում սեպտեմբերի 2-ին վախճանվել է ուղեղի կաթվածից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: