ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական օգնություն ստանալուց հետո հիվանդի մահանալու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «2016թ. նոյեմբե րի 3-ին՝ ժամը 20:17-ին, «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ շտապօգնության աշխատակիցները՝ բժիշկն ու բուժքույրը, կանչով մեկնել են Ջերմուկ քաղաքի բնակարաններից մեկը՝ բժշկական օգնություն ցուցաբերելու քաղաքացի Գ.Գրիգորյանին։ Նախնական տվյալներով՝ առանց հաշվի առնելու հիվանդի ալերգիկ լինելու հանգամանքը՝ կատարել են մի շարք ներարկումներ, ինչի հետևանքով Գրիգոր Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը և մահացել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նոյեմբերի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ Գ.Գրիգորյանի մահվան պատճառը պարզելու համար։

Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց թվում տուժողի ընտանիքի անդամները, շտապօգնության աշխատակիցները՝ բժիշկն ու բուժքույրը։

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: