«Ադրբեջանը հանդես է գալիս իրեն հատուկ դիրքերից, բայց մոռանում է, որ «Աուդի» ու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներն ավելի հին են, քան այդ երկիրը»: Աժ-ում լրագրողների հետ զրույցում արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

 

Հիշեցնենք, որ Ադրբջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե մոտ ժամանակները պատերազմ չի սկսի Արցախում, այլ կսպասի, որ Հայաստանը դատարկվի բնակչությունից, որից հետո կվերականգնի պատմական արդարությունը և Ադրբեջանը կստանա իր «պատմական հողերը»՝ Գորիսն ու Երևանը:

 

«Շատ պարզ է՝ ինչու է աղմկում Ադրբեջանի նախագահը. բանակցային գործընթացն իրենց համար ոչ շահեկան իրավիճակում և փակուղում է հայտնվել հենց Ադրբեջանի պատճառով: Պատահական չէ, որ հենց Ալիևն ասաց, որ միջազգային հանրությունը ստիպում է Ադրբեջանին՝ ճանաչել Արցախի անկախությունը»,- նկատեց պատգամավորը՝ շարունակելով, որ այդ հայտարարությամբ իսկ Ադրբջանի ղեկավարությունը փաստում է իր ոչ շահեկան դիրքերը՝ բանակցային գործընթացում: Ինչ վերաբերում է պատմական իրադարձություններին ու պատմական հողերին, ապա ՀՀԿ պատգամավորը Ադրբեջանի նախագահին խորհուրդ է տալիս ընթերցել հին հունական ու հռոմեական պատմիչներին, որոնց մոտ կտեսնեն Հայաստանի անունը, բայց ոչ՝ Ադրբեջանի:

 

«Ես Ալիևին մի քանի անգամ խորհուրդ եմ տվել, բայց հայտնի կենդանու համառությամբ (նկատի ունի էշին-խմբ.) դա չեն անում: Քանի որ ադրբեջանցիները ճանապարհորդել շատ են սիրում, նրանց առաջարկում եմ լինել Հռոմում և ծանոթանալ հին աշխարհի քարտեզին, որտեղ հաստատ կգտնեն Հայաստան, բայց չեն գտնի Ադրբեջան: Ուզում եմ հորդորել Ադրբեջանի ղեկավարներին, ովքեր շատ են սիրում երթևեկել, թող կարդան «Աուդի»-ի ու «Մերսեդես»-ի պատմությունը և իմանան, որ «Աուդի»-ն ինը տարով է մեծ Ադրբեջանից, իսկ «Մերսեդես»-ը՝ երկու»,-եզրափակեց նա: