Երեկ լրատվամիջոցների հետ տեղի ունեցած տեսակամուրջի ժամանակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հայտարարել էր, որ Հայաստանում սփյուռքին դիտարկում են որպես բանկոմատ, բայց թույլ չեն տալիս խառնվել ՀՀ ներքին կյանքին. «Ժամանակն է, որպեսզի սփյուռքը մասնակցություն ունենա ՀՀ ներքին կյանքին»,- ասել էր Թանկյանը:

 

Խորհրդարանում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին լրագրողները խնդրեցին մեկնաբանել Թանկյանի խոսքերը:

 

Նախարարը նախ հայտարարեց, որ ամեն ոք ունի իր տեսակետը և կարող է ազատ արտահայտել, այնուհետ շարունակեց, թե պետք չէ այդ հայտարարությունից պատմություն սարքել. «Դուք, որպես լրագրողներ, պետք է հաշվի առնենք, որ մենք իննսուն հոգով աշխատում ենք յոթ միլիոնի, իսկ մեր բոլոր նախարարությունները միասին՝ աշխատում են երեք միլիոնի հետ: Հետևաբար, բնական է, որ նրանց կարծիքները պետք է տարբեր լինեն: Նրանք բազմաշերտ են, բազմաբովանդակ, տարբեր երկրների քաղաքական, տնտեսական ռեժիմների ազդեցության ներքո են: Մեկը շատ-շատ ազատ է, նույնը չեմ կարող ռուսական միջավայրում ապրող հայերի մասին ասել: Պետք է ընդունել այնպես, ինչպես կա, դրանից մեծ պատմություն սարքել պետք չէ»,- հորդորեց նախարարը:

 

Հրանուշ Հակոբյանը շեշտեց նաև, թե ինքը միշտ բոլոր սփյուռքահայերին խորհուրդ է տալիս հետևել բժիշկ Հրայր Հովակիմյանի օրինակին.«1992 թվականին եկավ Հայաստան: Ինքը ոչինչ չբերեց, ինքը բերեց միայն իր խելքը, իր փորձը, իր վիրահատելու տեխնիկան: Երբ խորհրդային տարիներին մենք ասում էինք մարդը սրտի խնդիր ունի, ապա ասում էինք՝ վերջացավ: Բայց հիմա մենք գիտենք, որ ստենդները կդնենք և առանց ողբերգության խնդիրը կլուծվի: Այսինքն՝ Հրայր Հավակիմյանը կարողացավ ՀՀ-ում համակարգ ստեղծել»,- եզրափակեց նախարարը: