ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացեց «Նաիրիտ» գործարանի սննկացման հարցը և հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նոյեմբերի 28-ին անսպասելիորեն տեղի ունեցավ դատական նիստ, որտեղ «Նաիրիտը» սնանկ ճանաչվեց։

 

«Կառավարությունը հրաժարվեց ընդունել առաջարկը և հաշվի առնել ու սառեցնել «Նաիրիտի» պարտքերն ու հարկային արտոնություն տրամադրել: Այսպիսով՝ կառավարությունը խոչընդոտում է իր իսկ կողմից հայտարարած ներդրողների մրցույթը»,- հայտարարեց պատգամավորը։

 

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը արձագանքեց, որ սնանկացումը ընկերության առողջացման եղանակներից մեկն է։

 

«Սնանկացումը ընկերության առողջացման եղանակներից մեկն է։ Խոսքը պարտքերի սառեցման մասին է։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ չէր գտնվի մի ներդրող, որը գումար կներդրեր այն ընկերության մեջ, որից 100 մլն դոլար գանձելու հնարավորություն կա, և հենց սնանկացումն է այն մեխանիզմը, որը հնարավորություն է տալիս խթանել ներդրողներին, որպեսզի գան և ներկայացնեն առողջացման ծրագիր»,- ասաց նա։

 

Նշենք, որ այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել նաև Ազգային ժողովի դիմաց, և պահանջում էին գործարանը վերագործարկել: