Կարեն Կարապետյանի կառավարությունն, անկասկած, նախորդ մյուս բոլոր կառավարություններից առավելապես առանձնանում է նաև այն հետաքրքրական հանգամանքով, որ այստեղ տեղ են գտել նախարարներ, ովքեր, մեղմ ասած, այնքան էլ հմուտ չեն պետական կառավարման նուրբ գործում. տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն, անկասկած, նմանների առաջին շարքերում է:

Մասնագիտությամբ ինժեներ-ռադիոտեխնիկ Մարտիրոսյանի աշխատանքային կարիերան հիմնականում ծավալվել է տարբեր մասնավոր ընկերությունների՝ «Արմենթելի», «Կոռնետի» և, իհարկե, «Ջի Էն Սի –ալֆա»-ի պատերից ներս: Ի դեպ՝ ավելորդ չէ նշել, որ նրա՝ նախարար դառնալու հարցում ճակատագրական նշանակություն է ունեցել հենց վերջին աշխատավայրը, որն, ինչպես հայտնի է, կապվում է վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ: Պետք է ենթադրել, որ Մարտիրոսյանը բավական լուրջ ու արժեքավոր մենեջերական փորձ ունի սեփական ուսերի հետևում ու, ըստ էության, հենց սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ հաշվի է առել Կարապետյանն՝ առաջ քաշելով իր մտերիմ ընկերներից մեկի թեկնածությունը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում:

Հարցը, սակայն, թե որքանով է համապատասխանում Վահան Մարտիրոսյանն այն պաշտոնին, որին այս տարվա սեպտեմբերին նշանակվել էր, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, չունի միանշանակ պատասխան, քանի որ բոլորովին էլ գաղտնիք չէ այն հանրահայտ ճշմարտությունը, որ մի բան է այս կամ այն ընկերություններում ղեկավար պաշտոններում աշխատանքային փորձ կուտակելը՝ թեկուզ արժեքավոր, և բոլորովին այլ բան Հայաստանի պես բարդ առանձնահատկություններով հարուստ երկրում, ուր պետական կառավարման համակարգից գլուխ հանելն այնքան էլ հեշտ բան չէ, չափազանց պատասխանատու պաշտոն զբաղեցնելը. սխալվելու ռիսկը չափազանց մեծ է:

Չնայած դեռևս քիչ ժամանակ է անցել՝ նորանշանակ նախարարների ունեցած ողջ պոտենցիալը լիովին բացահայտելու առումով, ու դեռևս վաղ է՝ վերջնական գնահատականներ հնչեցնելու այդ իմաստով, դատելով, սակայն, ոմանց գործելաոճից՝ արդեն իսկ կարելի է նկատել այն սողանցքերը, որ կարող են թաքնված լինել այս կամ այն նախարարի աշխատելաոճում. այս իմաստով ամենևին էլ անխոցելի չէ հատկապես Վահան Մարտիրոսյանն, ում մտքի թռիչքի ու ավելցուկ տված կրեատիվի հետևանքով ՀՀ քաղաքացիները շուտով կարող են կանգնել փաստի առաջ. Հայաստանում ճանապարհները վճարովի դարձնելու նոր ու աննախադեպ տենդենց է նկատվում. նախարարը չի բացառել՝ «Հյուսիս-հարավ»-ի առանձին մասեր կարող են դառնալ վճարովի, իսկ Մինչև 2020 թվականն էլ Քաջարան և Սիսիան քաղաքներն իրար կկապվեն վճարովի ավտոճանապարհով։ Այժմ գործող 2 ու կես ժամ տևողությամբ ավտոճանապարհը հնարավոր կլինի փոխարինել 40 րոպեանոց վճարովի ճանապարհով, որից օգտվելու համար, սակայն, քաղաքացիները ստիպված են լինելու թեթևացնել սեփական դրամապանակը: Փաստորեն՝ Հայաստանում քաղաքացիներն այլևս երթևեկելու համար ստիպված են լինելու վճարել ոչ միայն վառելիք գնելու, այլ նաև ճանապարհներով երթևեկելու համար։

Ճիշտ է՝ նման ոչ պոպուլյար գաղափարների ծնունդը Մարտիրոսյանը փորձել է արդարացնել փող չլինելու հանգամանքով, բայց դե բոլորին էլ պարզ է, որ ամեն մեկի գլխով չէ,որ կարող էր նման «փայլուն» միտք ծագել. մասնավոր ոլորտում տարիների կուտակած աշխատանքային փորձը, փաստորեն, այս կերպ է իր դրսևորումը ստանում պետական կառավարման համակարգում…

Թե էլ ինչպիսի անակնկալներով է աչքի ընկնելու Մարտիրոսյանի պաշտոնավարման շրջանը կամ ինչ «սյուրպրիզներ» է պատրաստվում առաջիկայում վերջինս մատուցել, ցույց կտա առաջիկան՝ իհարկե, բայց, որ այս ամիսների ընթացքում նախարարը դեռևս ոչ մի նշանակալի բանով չի հասցրել աչքի ընկնել, անկասկած է. մարդկանց վրա հավելյալ ֆինանսական բեռ բարձելը դեռևս չի նշանակում «կրեատիվություն». այն շատ ավելի դրական հասկացություն է…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ