Սեղանն ավելի պինդ է կանգնած, երբ 4 ոտք ունի, իսկ երբ դրանցից մեկը կտրված է լինում, խախտվում է հավասարակշռությունը: Այսօր «Միասնություն» համազգային շարժման կողմից «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով կազմակերպած քննարկմանը նման համեմատական անցկացրեց Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը:

 

«Հայաստան-Ռուսաստան, Հայաստան- Եվրամիություն, Հայաստան-ԱՄՆ և մյուս այլ պետությունների հետ հարաբերությունները հենց այդ սեղանի ոտքերն: Հիմա մենք մեր սեղանի ոտքերից մեկը կտրել ենք (Խմբ.- նկատի ունի ԵՄ հետ հարաբերությունները) և արդեն երեք տարի է՝ որևէ տեսակի հարաբերություն չկա, իներցիոն հարաբերություններ են կետային ծրագրերիև եվրոհաճությամբ տարբեր գործիքներից օգտվելու տեսքով: Եթե չլինեին խոշորագույն գործիքներից օգտվելու այդ մուտքերը, թերևս պետք է արձանագրել, որ Եվրամիության հետ հարաբերություններն օդում կախված են: Որևէ հարաբերություն, եթե անորոշ է, ու եթե անորոշ է երկար ժամանակահատվածում, անվտանգության առումով լավ բան չի նշանակում»,- ասաց Սաֆարյանը:

 

Փորձագետի խոսքով՝ հայտնի փաստ է Ռուսաստանի համար ԵԱՏՄ պրոյեկտի ստեղծման երկու խոշոր շարժառիթները. Ռուսաստանը գիտակցում էր, որ հնարավոր է՝ Իրանի հետ պատժամիջոցները հանվեն և Իրանը վերադառնա Կովկաս: Հետևաբար, պետք է սահմանները, այսպես ասած, պարսական կայսրության հետ ամրապնդել, և երկրորդը՝ արևելյան գործընկերության ծրագիրն էր, որը, ըստ Ռուսաստանի տեսանկյունի, սպառնում էր կլանել իր ազդեցության ավանդական գոտիները:

 

Ստյոպա Սաֆարյանը նկատում է նաև՝ անվտանգության հետ կապված ինչ էլ ասվի, թերևս ապրիլյան պատերազմը լավագույն ապացույցն էր, և վարվող այս արտաքին քաղաքականության արդյունքները չափազանց տեսանելի են: Սաֆարյանի խոսքով՝ հայտարարվել է, որ մենք ևս մեկ լրացուցիչ քայլ ենք անում, որպեսզի մեր երկրի անվտանգությունն ավելանա, բայց դրա փոխարեն՝ կանգնել ենք պատերազմի շեմին: