Աշխարհի շուրջ 200 երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների նախագահների գլխավորությամբ 768 պատվիրակներ դեկտեմբերի 7-ին պաշտոնապես սկսեցին իրենց աշխատանքները Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունը: 

Ըստ հաղորդագրության՝ INTOSAI երեք հիմնական՝ Մասնագիտական ստանդարտներ, Կարողությունների զարգացման և Գիտելիքի փոխանակման կոմիտեների նիստերը մեկնարկել էին երկու օր առաջ:

Դեկտեմբերի 7-ին INTOSAI 22-րդ համագումարի բացումը կատարեց Շեյխ Մանսուր Բին Զաիդ Ալ Նահյանը:

Բացման արարողությունից հետո Շեյխ Մանսուր Բին Զաիդ Ալ Նահյանը ընդունեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին:

Շեյխ Մանսուրը երկու երկրների հարաբերություններում կարևորեց և առանձնացրեց վերահսկիչ բարձրագույն մարմինների ջերմ և բարեկամական հարաբերությունները, մաղթեց բարեհաջող աշխատանք համատեղ ծրագրերում:

Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահը շնորհակալություն հայտնեց առանձնահատուկ և ջերմ վերաբերմունքի համար, շնորհավորեց Շեյխ Մանսուրին Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 45-ամյակի կապակցությամբ և սիրով հրավիրեց նրան 2017 թվականին այցելել Հայաստան իրեն հարմար ժամանակահատվածում:

INTOSAI 22-րդ համագումարի շրջանակներում Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահը հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ, առանձնազրույց ունեցավ ԱՄՆ-ի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավարի հետ:

Դեկտեմբերի 9-ին նախատեսված է հանդիպում Իրանի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավարի հետ:

INTOSAI 22-րդ համագումարի ծրագրով նախատեսված է հատուկ թեմատիկ մեկ նստաշրջան, որը ենթադրում է քննարկումների շարք հաջող վարչարարությունը և կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացումը թեմայով:

INTOSAI 22-րդ համագումարի աշխատանքները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 12-ը: