Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» և «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագրերի շրջանակներում հայտարարված միջազգային մրցույթի արդյունքներով դեկտեմբերի 8-ին Decon International GmbH/Consulectra Unternemensberatung GmbH (Գերմանիա) համատեղ ձեռնարկության հետ կնքվել են «Հաղթանակ» , «Չարենցավան-3» , «Վանաձոր-1» և «Աշն ակ» ենթակայանների վերակառուցման աշխատանքների վերահսկողության խորհրդատուի պայմանագրեր։ «Հաղթանակ», «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների համար կնքված պայմանագրի գինը կազմել է շուրջ 1 մլն եվրո, «Աշնակ» ենթակայանինը՝ 339,4 հազար եվրո։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծրագրերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ենթակայանների վերակառուցում։ Այդ նպատակով արդեն իսկ կնքվել են պայմանագրեր նաև կապալառու կազմակերպությունների հետ։

Այս փուլում ընթանում են ենթակայանների նախագծման աշխատանքները։ Շինարարության մեկնարկը կտրվի հաջորդ տարվա առաջին կեսին։

Նախատեսվում է մինչև 2018թ. վերջ վերակառուցել և շահագործման հանձնել բոլոր չորս ենթակայանները։ Վերակառուցման, ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումների փոխարինման արդյունքում նվազագույնի կհասցվեն վթարային անջատումներն ու կորուստները, կբարձրանա ենթակայանների, ինչպես նաև էներգահամակարգի հուսալիությունը, կկրճատվեն շահագործման ծախսերը: