Ադրբեջանում արգելափակվել են Ամերիկայի ձայն եւ Ազատություն ռադիոկայանների ինտերնետային կայքերը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Գործակալության հաղորդմամբ' վերոնշյալ կայքերը կրկին արգելափակված են միայն ադրբեջանական օգտատերերի համար, իսկ Ադրբեջանի տարածքից դուրս հասանելի են:

Ադրբեջանի կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարության լրատվական բաժնի փոխանցմամբ' էլեկտրոնային անվտանգության կենտրոնը այս կայքերի հետ կապված խնդրի վերաբերյալ բացատրություն չի տվել:

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանում արգելափակվել էին Ազատություն թերթի, Meydan TV-ի, Ամերիկայի ձայնի, Ազատություն ռադիոկայանի ինտերնետային կայքերը:

Տարեսկզբին Հեղինակավոր ամերիկյան The Washington Post թերթը «Ադրբեջանում անկախ մամուլի դեմ պատերազմ է հայտարարվել» վերնագրով հոդվածում գրել էր, որ քննադատությունը խստորեն զայրացնում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւին: Նա լրագրող Խադիջա Իսմայիլովային բանտ է ուղարկել այն բանի համար, որ բացահայտել է երկրի ոսկու հանքերում նախագահի դուստրերի մասնաբաժինը: Դրանից հետո Panama Papers-ը հայտնաբերել էր, որ այդ մասնաբաժինը շատ ավելի մեծ է: Տասնյակ բլոգերներ, լրագրողներ, ակտվիստներ գտնվում են բանտերում: Իսկ արտասահմանում գործող ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքը չի վախենում Ալիեւի ռեժիմին անհանգստացնող պատմությունների հրապարակումից: The Washington Post-ը Ալիեւին խորհուրդ է տվել ժողովրդավարություն սովորելու համար դիտել Meydan TV: