Հայաստանում գործարար ոլորտում առկա խնդիրները կապված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարցերի հետ: Այս տեսակետը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հայտնի գործարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ- Ալիկը, ով գտնում է, որ կան որոշ օրեսնդրական ակտեր, որոնք այսօր փոփոխության պետք է ենթարկվեն ու խթանեն ինչպես արտահանումը, այնպես էլ Հայաստանում գործարարությանը:

 

Թե ինչու Հայաստանում ներդրումների թիվը չի ավելանում՝ պատգամավորը նկատում է, որ բացի օրենսդրական բացերից, կա նաև արտաքին գործոնի խնդիրը, որը պետք է անպայմանորեն լուծել. «Տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որի սահմանները փակ են, իսկ մեր հիմնական շուկան Ռուսաստանն է, որի հետ Հայաստան այսօր չունի ուղիղ կապ: Օրինակ՝ եթե Լարսում ինչ-որ խնդիր է լինում, Հայաստանի մեքենաներն օրերով չեն կաողանում մուտք գործել Ռուսաստան»,- մանրամասնեց պատգամավորը՝ ընդգծելով, որ Հայաստանում գործարարությամբ զբաղվելը մեծ ռիսկայնություն է պահանջում:

 

«Բիզնեսը ռիսկ է, որը լավ, վատ, ազգություն հաշվի չի առնում: Բիզնեսը կենդանի օրգանիզմ է, որը գոյատևում է այնտեղ, որտեղ կարող է աշխատել: Իսկ այդ բացերը լուրջ ազդեցություն են ունենում ներդրումների վրա: Մարդիկ երբեք էլ ցանկություն չեն ունենա գումար ներդնել մի երկրում, որտեղ այդ ռիսկայնությունը չափից մեծ է»,- ասաց նա:
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնած փոփոխություններին՝ պատգամավորն ավելացրեց, որ այսօր ցանկացած փոփոխություն դրական ազդեցություն կարող է ունենալ, իսկ թե դրանք ինչպիսի արդյունք կտան՝ միայն ժամանակը ցույց կտա:

 

«Ցանկացած փոփոխության արդյունք միանգամից չի երևում: Իսկ այս փոփոխությունների արդյունքների համար կպահանջվի մոտավորապես երկու-երեք ամիս: Ամեն դեպքում, այդ փոփոխություններն արվում են, որպեսզի իրավիճակն ավելի դրական ուղղությամբ շարժվի և մարդկանց մոտ վստահությունը բարձրանա, որից հետո էլ ներդրումները կավելանան ոչ միայն դսից, այլև ներսից: Ներսում կատարված ներդրումները ևս շատ կարևոր են: Այսինքն՝ ներդրողը՝ ներդրող է, կապ չունի երկրի ներսից, թե դրսից. պետք է ամեն ինչ արվի այդ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց նա:

 

Պատգամավորի կարծիքով՝ ռեալ արդյունքներ ունենալու համար ՀՀ կառավարությունը պետք է նաև ամեն ինչ անի, որպեսզի մասնակցի Լարսի վերակառուցման աշխատանքներին: Նրա խոսքով՝ Լարսի ճանապարհը արտահանողների համար լուրջ խնդիրներ է առաջացնում. «Բնական աղետները շատ են խոչընդոտում մեր արտահանմանը: Յուրաքանչյուր օրը մեզ համար շատ կարևոր ու թանկ է, քանի որ դրա համար մենք հսկայական կորուստներ ենք ունենում, բյուջեն գումար չի լցվում… մի խոսքով՝ վնասներն հսկայական են»,- ասաց նա:

 

Դիտարկմանը՝ իսկ ներսում ի՞նչն է խոչընդոտում, որպեսզի մարդիկ բիզնեսը զարգացնեն, պատգամավորը նախ նշեց, որ նոր կառավարությունն արդեն որոշ քայլեր է ձեռնարկել, որեպսզի ՀՀ Կենտրոնական բանկը «ստավկան» 20 տոկոսից իջեցնի 18 տոկոսի, ապա ավելացրեց, որ այդ նախաձեռնության շնորհիվ գործարարները երկու տոկոսի չափով շահույթ կկարողանան ապահովել. «Իսկ դա մեծ գումար է և իմ խորին համոզմամբ՝ հունվարից հետո Հայաստանի էկոնոմիկայում կենդանի փողը կշատանա և որոշակի տեղաշարժեր կլինեն, նաև՝ տոկոսադրույքնեը կիջնեն»,- ասաց նա:

 

Անդրադառնալով 2017 թվականի բյուջեի նախագծին՝ նա նշեց, որ վարչապետը այս բյուջեով ներկայացրել է այն, ինչն իսկապես կկարողանա լուծել. «Ոչ մի ուռճացում չի նկատվում, և ամենակարևորը՝ ճոխ բառապաշար չի օգտագործվել, որ մադիկ կարդան ու դուրները գա: Այսինքն՝ ռեալ բյուջե է, որի հետ կարողանանք հաշվի նստել: Իսկ որպեսզի մենք ունենանք ավելի լավ բյուջե, նախաձեռնած փոփոխությունների արդյունքում այն կունենանք. կլինեն և՛ ներդրումներ, և՛ արտահանման ծավալները կմեծանան, և՛ գործարարությունը կզարգանա: Ատահանում նշանակում է Հայաստան դրսից փող բերել, իսկ եթե դրսից փող բերվի, ուղղակի կամ անուղղակի այդ փողի մոտ երեսուն տոկոսը կմտնի բյուջե: Նույնիսկ տրանսֆերների երեսուն տոկոսն է մտնում բյուջե: Հենց այդ պատճառով էլ ամբողջ աշխահում խրախուսվում է արտահանումը: Դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի արտահանման ծավալները մեծանան: Պետք է բոլոր խանգարող հանգամանքները, որոնք կուտակվել են այս քսանհինգ տարիների ընթացքում, կարողանանք լուծել, որպեսզի կամաց-կամաց այդ խոչընդոտներից մենք կարողանանք ազատվել»,- եզրափակեց նա:

 

Արմինե Եփրեմյան