ԼՈՒՐԵՐ.com-ը գրել էր, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հոկտեմբերի 27-ին, «Վարդանյանն ու Նուշիկյանն ընդդեմ Հայաստանի» վճիռ էր կայացրել, որտեղ գնահատականներ էին տրվել տվյալ գործով Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գործունեությանը և վարքագծին՝ գործը քննելու ընթացքում: Դիմումատուները ՄԻԵԴ-ին ներկայացրել են, որ Մկրտումյանը փորձել է Բուզանդի փողոցում իրենց գույքը պահանջողին և գործով պատասխանողին պարտադրել, որ հաշտության գան:

 

Եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել իրավական որոշակիության և իրավահավասարության սկզբունքի, արդար դատավարության իրավունքի խախտում և անօրինական կերպով սեփականության իրավունքից զրկում: Վճռի համաձայն՝ Հայաստանի դատարանները խախտել են վերջնական եզրակացությունների սկզբունքը, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահն անաչառ չի եղել:


Փաստաբանները միակարծիք են՝ Արման Մկրտումյանը պետք է կարգապահական տույժի ենթարկվի,սակայն ՄԻԵԴ-ի վճռի հրապարակումից մինչ օրս, կարծես, որևէ ընթացք չի տրվել դրան: Այսօր մոտ երեք տասնյակից ավել փաստաբաններ դիմել են Հայաստանի հանրապետության Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ պարզելու՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվե՞լ է, թե՞ ոչ: 


«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սույն թվականի հոկտեմբերի 27-ին թիվ 8001/07 Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրած վճռում արձանագրվել է, որ Հայաստանի հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանի (վճռի տեքստում նշված է որպես judge M.) կողմից թույլ է տրվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում:

 

Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 153 և 155 հոդվածների, ՄԻԵԴ-ի նշված վճիռը հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը վերապահված է բացառապես Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:


Այդ կապակցությամբ խնդրում ենք հայտնել, թե արդյոք հանձնաժողովի կողմից հարուցվե՞լ է կարգապահական վարույթ Ա.Մկրտումյանի նկատմամբ, թե՞ ոչ»: 


Քրիստինա Աղալարյան