Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանի դեմ վճիռ հրապարակելուց հետո հայտնի դարձավ, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը խախտել է մարդկանց մի շարք իրավունքներ: Դիմումատուները ՄԻԵԴ-ին ներկայացրել են, որ Մկրտումյանը փորձել է Բուզանդի փողոցում իրենց գույքը պահանջողին և գործով պատասխանողին պարտադրել, որ հաշտության գան: Իսկ Բուզանդ փողոցում գտնվող նրանց տները գերակա շահ էին ճանաչվել: Բնակիչներին փոխհատուցվել էր ընդամենը 54,494,000 դրամ, այնինչ՝ նրանց հավաստմամբ, իրենց տների իրական արժեքը 276,230,000 դրամ էր:

 

Եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել իրավական որոշակիության և իրավահավասարության սկզբունքի, արդար դատավարության իրավունքի խախտում և անօրինական կերպով սեփականության իրավունքից զրկում: Վճռի համաձայն՝ Հայաստանի դատարանները խախտել են վերջնական եզրակացությունների սկզբունքը, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահն անաչառ չի եղել:


Մի խումբ փաստաբաններ դիմել են Հայաստանի հանրապետության Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ պարզելու՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվե՞լ է, թե՞ ոչ: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ 3-4 օրվա ընթացքում կպատասխանեն կամ չեն պատասխանի: Այս պահի դրությամբ՝ դեռ նորություն չունեն: 

 

ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ դիմողներից Յուրի Վարդանյանը Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկանն է, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Մյուս դիմումատուն՝ Արտաշես Վարդանյանը՝ Յուրի Վարդանյանի որդին է՝ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի ասիստենտը, իսկ երրորդ դիմումատուն՝ Շուշանիկ Նանուշյանը, նույն ֆակուլտետի դասախոս Հրանուշ Նանուշյանի ազգականն է, չճշտված տեղեկություններով՝ քույրը:

 

Մեզ հետ զրույցում ֆակուլտետի դեկան Յուրի Վարդանյանը հրաժարվեց մեկնաբանել ՄԻԵԴ-ի որոշումը՝ պատճառաբանելով, որ վճիռը դեռ ուժի մեջ չի մտել: Նշենք, որ Եվրադատարանի վճիռն ուժի մեջ է մտնում երեք ամիս հետո, իսկ այդ ընթացքում կողմերը հնարավորություն են ունենում բողոքարկելու վճիռը: Վճռաբեկ դատարանի դատավոր Արման Մկրտումյանի կատարած խախտումների վերաբերյալ՝ ֆակուլտետի դեկանն ասաց. «Դե եթե նման որոշում է կայացրել, ուրեմն խախտվել է, չէ՞ մեր իրավունքները: Այս պահին չեմ ցանկանա մեկնաբանել եվրոպական դատարանի վճիռը: Ուժի մեջ մտնելուց հետո՝ միգուցե խոսեմ, մեկնաբանեմ»:


Յուրի Վարդանյանը դեկանի պաշտոնը զբաղեցնում է 1975 թվականից, նա եղել է ռադիոֆիզիկայի ֆակուլտետի միակ դեկանը: 

 

Ի դեպ՝ ՄԻԵԴ-ի որոշումը միջանկյալ է: Այն հնարավորություն է տալիս կողմերին՝ Հայաստանի կառավարությանն ու դիմումատուներին, համաձայնության գալ։ Համաձայնությունը չկայանալու դեպքում Եվրոպական դատարանը կորոշի փոխհատուցման չափը։

 

Քրիստինա Աղալարյան