2016 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը՝ տեղեկացնելով, որ Ա. Սարգսյանն ունի առողջական խնդիրներ:

 

Նույն օրը Պաշտպանի հանձնարարությամբ Արագ արձագանքման խումբն այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուսումնասիրել Ա. Սարգսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, ինչպես նաեւ առանձնազրույց ունեցել նրա հետ:

 

Բողոքում բարձրացված հարցերի եւ այցելության ընթացքում ձեռք բերված տեղեկությունների համապարփակ ուսումնասիրությունից հետո անհրաժեշտություն է առաջացել կրկնակի այց կատարել՝ այցելություն իրականացնող խմբում ներգրավվելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ մասնագետին: Դեկտեմբերի 13-ին կատարված կրկնակի այցելության արդյունքներն ամփոփելով' Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որոշում է կայացվել Ա. Սարգսյանի փաստաբանի բողոքը քննարկման ընդունելու մասին: Արդարադատության նախարարությունից պահանջվել են պարզաբանումներ՝ կապված Արթուր Սարգսյանին անհրաժեշտ բուժօգնության ապահովման հետ:

 

Ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական եւ ամենօրյա ուշադրության ներքո: