ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Տարիել Խեչիկաշվիլուն:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սպորտի և երիտասարդության ոլորտների ղեկավարները զրուցել են երկու երկրների համագործակցության սերտացման ուղղությամբ տարվող աշխատանքների և երկու երկրների մասնագետների, ինչպես նաև մարզաշխարհի և երիտասարդության ոլորտների ներկայացուցիչների փորձի փոխանակման անհրաժեշտության մասին: «Հայաստանը և Վրաստանը պատմականորեն բարեկամական երկրներ են, և այդ բարի դրացիական հարաբերությունները շարունակվում են նաև այսօր»,- ասել է նախարար Ռոստոմյանը: Նա նաև խոսել է այն շարունակական ծրագրերի մասին, որոնք համատեղ են իրականացվում վրացի գործընկերների հետ՝ միջազգային մրցաշարերի կազմակերպման և ուսումնամարզական հավաքների իրականացման ուղղությամբ: «Համագործակցության նմանօրինակ միջոցառումները միմիայն նպաստելու են հայկական և վրացական սպորտի զարգացմանը»,- հավելել է նախարարը:

Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Տարիել Խեչիկաշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել Հրաչյա Ռոստոմյանին երկրորդ անգամ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակվելու կապակցությամբ: «Ես պարոն Ռոստոմյանին ճանաչում եմ որպես բանիմաց և պատասխանատու մասնագետի, որը շատ բարձր վարկանիշ ունի միջազգային մարզական հանրության շրջանում: Վստահ եմ, որ մեր երկու երկրների համագործակցությունը մոտ ապագայում տալու է տեսանելի արդյունքներ»,- ասել է Խեչիկաշվիլին: