Հայրենիքին, զինվորին և խաղաղությանը նվիրված «Ապրել խաղաղ» խորագրով համերգը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում: «Վաղուց էինք մտադիր նման ծրագիր իրականացնել, որը հայ մանուկների շուրթերով խաղաղության կոչ կլինի ողջ աշխարհին: Ապրիլյան պատերազմից հետո միջոցառման ուղղվածությունը փոքր-ինչ փոխվեց, և հենց այդ ժամանակ էլ ծնվեց «Հերոս մարտիկ» երգը՝ նվիրված պատերազմներին մասնակցած տղաներին»,-նշեց նախագծի հեղինակ Լիլի Գրիգորյանը:

 

«Ներկայացվելու են Արթուր Գրիգորյանի, Կոնստանտին Օրբելյանի և այլ հեղինակների՝ հանրությանը ծանոթ բազմաթիվ ստեղծագործություններ: Կա պատասխանատվության մեծ զգացում և լարվածություն, բայց հույս ունենք, որ հանդիսատեսը գոհ կլինի համերգից»,-ասաց համերգի երաժշտական ղեկավար Լիլիթ Բադալյանը:

 

Հնչեց 20 ստեղծագործություն, որոնցից երեքի հեղինակը Լիլի Գրիգորյանն է: Հանդիսատեսը ջերմ և մեծ ոգևորությամբ ընդունեց երիտասարդ երգիչների բոլոր կատարումները:

 

«Ապրել խաղաղ» նախագիծն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին: Նպատակը հայ մանուկների միջոցով հանրությանը խաղաղության կոչն էր՝ պատերազմների, բռնությունների, ոճրագործությունների դեմ ուղղված: