Նրանք, ովքեր հետևում են հասարակական-քաղաքական դաշտում ընթացող պրոցեսներին ու այստեղ ծավալվող իրադարձությունների նկատմամբ անտարբեր չեն, նկատած կլինեն, որ արդեն մի քանի օր է, ինչ խոսակցությունները հայտնի դերասան Սերգեյ Դանիելյանի կողմից ստեղծված կուսակցության մասին ոչ միայն չեն դադարում, այլև սկսել են նոր թափ ստանալ: Աղմուկի պատճառ դարձել է, թերևս, նորաստեղծ կուսակցության անվան՝ ոչ միայն անսովոր, այլև հակահիգիենիկ հապավումը՝ ՔԱՔ, ասել է թե՝ «Քաղաքացիական ակտիվ քայլ»:


Առաջին հայացքից դաժան կատակ հիշեցնող այս նախաձեռնությանը, որը, պետք է խոստովանել, իր տեսակի մեջ առաջինն է մեր իրականությունում, չնայած լուրջ վերաբերվողներ գործնականում չկան (ոչ մի բանական էակ զուտ ֆիզիկապես չի կարող ապագայի նկատմամբ տածած հույսերը կապել խեղկատակություն հանդիսացող անվամբ կուսակցության հետ), սակայն երևույթը, որպես այդպիսին, չի կարող հետաքրքրություն չառաջացնել. ի՞նչը ստիպեց կատակերգու դերասանին՝ նման չար կատակ խաղալ հասարակության և նույնիսկ պետության հետ:

 

Անկասկած, ՔԱՔ-ն ամենևին էլ Դանիելյանի մաքուր հոգուց բխած անարատ ճիչ չի կարող հանդիսանալ, ու սրա տակ շատ կոնկրետ վտանգներով լի միտումներ են թաքնված, որ նպատակ ունեն ոչ միայն վարկաբեկել առանձին վերցրած կուսակցություններին, ուժերին, այլև քաղաքական դաշտն՝ առհասարակ. նպատակը «քաղաքականություն» երևույթն անլրջացնելն է: Ինչո՞ւ, քանի որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են:


Անմիջապես կարող է հարց առաջանալ՝ ո՞ւմ է ձեռնտու քաղաքական ուժերի համար ճակատագրական հանդիսացող այս օրերին վարկաբեկել դաշտը, վերածել այն իսկական խեղկատակության: Չէ՞ որ, ըստ տրամաբանության, պետք է որ հակառակ պրոցեսին ականատես դառնայինք. սովորաբար՝ հենց այս շրջանում են ակտիվանում համապատասխաններն ու դեմքի լուրջ արտահայտությամբ փորձում ժողովրդին ու իրենք իրենց համոզել՝ ազգիս երանության գաղտնիքն իրենց անձերի մեջ ամփոփված:

 

Կասկած լինել չի կարող այն բանում, որ հասարակությունն, ի դեմս Սերգեյ Դանիելյանի ՔԱՔ-ի, ականատես է դառնում իշխանությունների կողմից բեմադրված շոու-խեղկատակության. սա, ըստ էության, խնամքով լարած թակարդ է ընդդեմ բոլորի ու ամեն ինչի՝ առաջիկա խորհդրարանական ընտրություններն իմաստազրկելու, ծաղրուծանակի ճարակ դարձնելու: Իսկ տրամաբանությունը շատ պարզ է՝ որքան նվազ լինի ընտրություններին ակտիվությունն, այնքան իշխանությունների համար դյուրին կլինի դրանց արդյունքները կեղծելը. իշխանություններին որևիցե կերպ ձեռնտու չէ համահասարակական քաղաքական հիպերակտիվությունը, քանի որ պասիվության պարագայում մարդա 10000 դրամի դիմաց քաղաքացիների անձնագրերի կամ դրանց պատճեների հավաքագրումը շատ ավելի դյուրին կլինի, իսկ «տոկոս խփելն» էլ շատ ավելի հաճելի բնույթ կկրի. ինչո՞ւ հաճելին չհամատեղել օգտակարի հետ…


Այնպես որ՝ խորհուրդ բոլորին՝ նախքան ինչ-որ բանի վրա լիաթոք ծիծաղելը՝ մի լավ քննե՛ք համընդհանուր ծիծաղի առարկա հանդիսացող այս կամ այն երևույթը. այն կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան նույնիսկ ամենավտանգավոր զենքը. կասեք՝ չափազանցնում ենք. իզուր…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ