Օրեր առաջ Արցախում տեղի է ունեցել մտավորականների և Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ժամանակ անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի զինված գործողության հանգուցալուծմանը՝ Սարգսյանն արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչներին ասել է, թե իր իշխանությունը ոչ միայն խոսքով, այլ գործով՝ երբեք բռնության կողմնակից չի եղել: Բռնությունը չդատապարտելու, հուլիսյան իրադարձություններին համարժեք չարձագանքելու համար՝ Սարգսյանը նրանց կշտամբել է: Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց հրապարակախոս Արա Նեդոլյանի հետ: 

-Պարոն Նեդոլյան, Դուք՝ որպես արվեստագետ, ինչպե՞ս եք վերաբերվում այս հանդիպմանը և Սերժ Սարգսյանի այդ հայտարարություններին ու կշտամբանքներին՝ ուղղված արվեստագետներին:

-Նախ ասեմ, որ ես տեղյակ չեմ այդ հանդիպումից: Դա արդեն ինչ-որ բանի մասին վկայում է: Սերժ Սարգսյանը երևի հանդիպել է այն մարդկանց հետ, որոնց համարում է իր զրուցակիցը և երևի գիտի, թե ինչու է նրանց պրետենզիաներ ներկայացնում: Առհասարակ, Սերժ Սարգսյանը Հայաստանի հասարակ քաղաքացուն որևէ պրետենզիա չի կարող ներկայացնել: Նա դրա իրավունքը չունի: Բացի, գուցե իր կուսակիցներից որիշ ոչ մեկի նկատմամբ որևէ պրետենզիա ներկայացնելու իրավունք չունի: Ես, իհարկե, չգիտեմ՝ Սերժ Սարգսյանը ինչից էր դժգոհում, բայց կոնկրետ հուլիսյան դեպքերն իր քաղաքականության հետևանքն է, որիշ մեղավոր թող ինքը չփնտրի. մեղավորն ու պատասխանատուն ինքն է: Թող չփորձի պատասխանատվությունը բարդել պայմանական մտավորականության վրա: Հասարակությունը հուլիսին շատ կարևոր դեր կատարեց՝ թույլ չտվեց, որ լինի արյունահեղություն և ոստիկանության կողմից ծեծի ու բռնության ենթարկվեց: 

-Հայտնի է, որ բոլոր համապետական ընտրություններից առաջ իշխանություններն օգտագործում են մտավորականներին, նմանատիպ միություններին: Կարո՞ղ ենք սա ևս համարել ապագա ընտրություններին ընդառաջ քայլ: 

-Այո, հավանաբար: Այն մտավորականը, որը գնում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման՝ մտավորական է, ով կապ ունի իշխանության սպասարկման հետ: Կարծում եմ, որ առհասարակ մտավորականը քաղաքական կատեգորիա չէ: Քաղաքական կատեգորիա է քաղաքացին: Արվեստագետն ինքն է որոշում. եթե ինքը քաղաքական արվեստագետ է, ապա՝ դա ուրիշ, նա կարող է լինել իշխանական կամ հակաիշխանական: Իրեն գնահատող արվեստագետը կամ մտավորականը հենց այնպես չէր գնա հանդիպման որևէ պաշտոնյայի հետ: Նա կգնար միայն իր նախաձեռնությամբ, իր հարցը դնելու համար, եթե դրա անհրաժեշտությունը կա, բայց... Մենք հասկանում ենք՝ ինչու է այդպես: Սովետական ժամանակ թե ով է արվեստագետ, ով՝ մտավորական, որոշում էր իշխանությունը: Հիմա, անկախ Հայաստանի պայմաններում, դա այդպես չէ: Մարդը դառնում է արվեստագետ կամ մտավորական՝ իշխանությունից լրիվ անկախ, դե յուրե: Բայց դե ֆակտո՝ սովետական մոդելը դեռ պահպանվում է: Այն արդեն ժամանակավրեպ է, բայց, այնուամենայնիվ, պահպանվում է: Շատ դեպքերում իշխանությունն է որոշում՝ ով է արվեստագետ, ով՝ մտավորական: Նման բան չպետք է լիներ, բայց իներցիայով՝ լինում է: 

-Այս հանդիպումը կազմակերպել էր Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Ի՞նչ եք կարծում՝ նրան նախարարի պաշտոնում նշանակելն ավելի չի՞ հեշտացնում արվեստագետներին իշխանությանը ծառայեցնելու հարցը: 

-Եթե շարունակի մտավորականներին  ու արվեստագետներին ավելի ինտենսիվ նման հանդիպումների տանել և դարձնել իշխանությունից կախված հատված, ապա դա շատ վատ կլինի: Դա չի նշանակում նրանց քաղաքականացնել, այլ նշանակում է՝ ծառայեցնել, ծառայեցնել իշխանությանը: 

Քրիստինա Աղալարյան