ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, ՀՀ դատախազության կոլեգիայի անդամներից, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներից բացի նիստին մասնակցել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ ոստիկանության, Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները:

Նիստի օրակարգում 2015 թվականի ընթացքում ՀՀ դատարանների կողմից արդարացման դատավճիռների կայացման պատճառների վերաբերյալ և 2013-2015թթ. ընթացքում միջազգային և միջպետական համապատասխան փաստաթղթերի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համատեքստում անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում դատախազության լիազորությունների իրականացման արդյունավետության վիճակի մասին հարցերն էին:

Օրակարգի առաջին հարցի քննարկման ընթացքում անդրադարձ է եղել 2015թ. ընթացքում դատարանների կողմից արդարացման դատավճիռների կայացման պատճառներին, վիճակագրական տվյալների հետ միասին բովանդակային վերլուծությամբ վեր են հանվել արդարացման դատավճիռների հիմքում ընկած իրավունքի մեկնաբանության և կիրառման խնդիրները, նաև առկա օրինաչափությունները՝ դրանից բխող հետևություններ կատարելու և դրանք բացառելու վերաբերյալ: Ներկայացվել է 2015թ. ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների, Վերաքննիչ քրեական դատարանի, Վճռաբեկ դատարանի կողմից կայացված արդարացման դատավճիռների ուսումնասիրությունները:
ՀՀ գլխավոր դատախազը, կատարված վերլուծությամբ ի հայտ բերված խնդիրների հաշվառմամբ տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ քրեական հետապնդման, ինչպես նաև մեղադրանքի պաշտպանության ոլորտում դատախազական գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու, խախտումները բացառելու ուղղությամբ:

2013-2015թթ. ընթացքում միջազգային և միջպետական համապատասխան պահանջների, ինչպես նաև ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համատեքստում անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում դատախազական լիազորությունների իրականացման արդյունավետության իրավիճակի վերաբերյալ իրենց տեսակետներն ու առաջարկներն են ներկայացրել նաև ՀՀ ՄԻՊ, ՀՀ ոստիկանության և ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները:

Քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է անչափահասների իրավունքների, օրինական շահերի պաշտպանության ոլորտում իրավապահ մարմինների համագործակցված աշխատանքի կարևորությունը' համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով անչափահասների կողմից հանցագործությունների կանխման, հատուկ և հանրակրթական հաստատություններում քրեածին իրավիճակին նպաստող պատճառների բացահայտման ու դրանց վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտության վրա: Արթուր Դավթյանը կա րևորել է անչափահասի մասնակցությամբ կատարվող քննչական և դատավարական գործողությունների առանձնահատկությունը, հանձնարարել հատուկ ուշադրություն դարձնել այդ գործընթացի իրականացման ոչ միայն իրավական, այլև հոգեբանական և տեխնիկական բաղադրիչներին:

Կոլեգիայի նիստում քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Նիստի ավարտին տեղի է ունեցել նորանշանակ դատախազների երդման արարողությունը: