Ժամեր առաջ Սպիտակում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հետ զրույցում Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը նշեց, որ ինքնասպանություն գործած 45-ամյա Մարինե Հովհաննիսյանը և իր երկու երեխաները Սպիտակ համայնքից չեն, այնտեղ բնակվում են վարձակալության հիմունքներով՝ արդեն մեկ տարի: 

 

Քաղաքապետի փոխանցմամբ՝ կինն աշխատում էր Սարալանջ գյուղի դպրոցում՝ որպես քիմիայի ուսուցչուհի: Մեր հարցին՝ ի՞նչ վարկածներ են շրջանառվում, ի՞նչը կարող էր նման ողբերգության պատճառ դառնալ, Գ. Սահակյանը դժվարացավ պատասխանել, սակայն բացառեց, որ կինն ինքնասպանության է դիմել աղքատությունից կամ սոցիալական վատ պայմաններից դրդված: «Նման խնդիր չեն ունեցել: Նրանք Սպիտակում անհատույց վարձակալությամբ են ապրել: Չգիտեմ՝ ինչ վարկածներ են շրջանառվում, բայց բոլորն էլ ասում են՝ եթե հոգեկան վիճակը նորմալ լիներ, նման բան չէր անի: Մենք հակված ենք մտածել, որ էդ կինը շեղվել է, թե չէ ո՞նց է հնարավոր»,-մանրամասնեց քաղաքապետը: Ի դեպ՝ նախնական տեղեկությունների համաձայն՝ կինը ինքնասպանություն գործելուց առաջ խեղդամահ է արել իր երկու երեխաներին՝ 7 տարեկան Մանեին և 5 տարեկան Շողիկին:

 

Մեր զրուցակիցը նշեց, որ նախկինում կնոջ կողմից որևէ տարօրինակ պահվածք չեն նկատել, վերջինս ամուսնալուծված է եղել. «Նախկինում մենք իրեն չենք ճանաչել, որովհետև մեր բնակիչը չի եղել: Մոտ մեկ տարի է, ինչ աշխատում և բնակվում է այստեղ: Շփում էլ չի եղել»: Իսկ թե կինը աղանդավորական կառույցների հետ համագործակցություն ունեցե՞լ է կամ անդամակցե՞լ է, թե ոչ, քաղաքապետը տեղյակ չէր: 

 

Կապ հաստատեցինք նաև Սարալանջի գյուղապետ Արթուր Սարոյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց՝ կինն իրենց դպրոցում օգոստոս ամսից էր աշխատում. «Շաբաթական երեք անգամ էր դասի գալիս: Այդքան էլ լավ չենք ճանաչում, չգիտենք՝ ինչը կարող էր պատճառ դառնալ: Բայց տնօրենն ասում է՝ գրագետ կին էր: Մի քանի անգամ դպրոց ենք գնացել, կարծես՝ նորմալ էր: Միայն գիտեմ, որ Սպիտակում էր ապրում»: 

 

Հիշեցնենք՝ ոստիկանության Սպիտակի բաժնում ինքնասպանության վերաբերյալ ահազանգ էր ստացվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը շքամուտքում հայտնաբերել էր 45-ամյա կնոջը՝ կախված վիճակում, իսկ ննջասենյակում՝ երեխաներին, մահացած: Դեպքի վայրում այս պահին աշխատում է քննչական խումբը՝ Լուռու մարզի քննչական վարչության պետի գլխավորությամբ: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ այս պահին դեպքի վայրում են քրեագետները և դատաբժիշկները: Երեխաների մահվան հանգամանքների վերաբերյալ մանրամասներ դեռ հայտնի չեն: 

 

Քրիստինա Աղալարյան