Հայաստանում Գերմանիայի դեսպանատան առջև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները և Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները դեկտեմբերի 20-ին կազմակերպեցին մոմավառություն ի հիշատակ Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի։

 

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն իր խոսքում նշեց, որ բոլորը ցնցված են երեկ Բեռլինում տեղի ունեցածից։ «Ես արդեն իսկ բազմաթիվ նամակներ, գրություններ, ցավակցություններ եմ ստացել հայերից։ Ինչպես նաև շատ ուրախ եմ, որ դուք այսօր այստեղ եք՝ մեզ հետ կիսելու մեր ցավը։ Կրկին անգամ սրտանց զգացված ենք, շնորհակալ ենք այս վերաբերմունքի համար։ Մենք ողջունում ենք այս քայլը, որով դուք արտահայտում եք ձեր սրտակցությունը կատարվածի վերաբերյալ»,- ասաց նա:

 

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանն իր զորակցությունը հայտնեց դեսպան Քիսլերին և ընդհանրապես գերմանացիներին՝ դատապարտելով Գերմանիայում կատարվածը։ «Այն, ինչ կատարվել է Բեռլինում, հանցագործություն է ոչ միայն գերմանացի ժողովրդի,այլև ամբողջ մարդկության դեմ, հատկապես, երբ այդ ամենը տեղի է ունենում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ։ Երբ ամբողջ աշխարհը համախմբվում է բարության և խաղաղության գաղափարի շուրջ, այն ինչ տեղի է ունեցել, այն էլ Բեռլինի ամանորյա տոնավաճառում, իրոք սահմռկեցուցիչ հանցագործություն է»,- հավելեց նա:

 

Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում Վիլհելմ կայսեր հիշատակի եկեղեցու մերձակա սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ է մխրճվել բեռնատար ավտոմեքենան: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ին մոտ: Բեռնատարը 50-80 մետր անցել է տոնավաճառի տարածքում՝ բազմության մեջ մխրճվելով 60-80 կիլոմետր/ժամ արագությամբ: