Հայաստանյան իրականության մեջ կանայք հաճախակի են հանդիպում գենդերային անհավասարության, որը դառնում է հասարակությունից և քաղաքական գործընթացներից նրանց մեկուսացման պատճառ: ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի ղեկավար Գոհար Շահնազարյանն այսօր «Միասնություն» համազգային շարժման կազմակերպած քննարկման ժամանակ խոսեց  քաղաքական կուսակցություններում կանանց ներգրավվածության մասին՝ կարևորել հանգամանքը, որ այսօր մեր տնտեսական-սոցիալական վիճակը բավարար չէ, որ կանայք մտնեն ակտիվ քաղաքականություն:

«Հայաստանում կանաց համար չկա այնպիսի միջավայր, որտեղ նրանք կարող են հաճախակի հանդիպել, խոսել և բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին: Մենք իրականացրինք հետազոտություն այն մասին, թե քաղաքական կուսակցություններում և կուսակցական նախաձեռնություններում որքանով են ակտիվ մեր կանայք: Հետազոտության արդյունքում ակնհայտ դարձավ, որ կուսակցական գործունեության մեջ կանանց ներկայացվածության մասին բոլորովին այլ պատկերացում ունեն հենց այդ կուսակցությունները: Ստացվում է, որ գենդերային հավասարություն ասելիս քաղաքական գործիչները շատ հաճախ հասկանում են կանանց տոներին նրանց բացիկներ հղելը»:

Անդրադառնալով տեսությանը, թե խելացի կանայք իրենց ավելի պասիվ են զգում քաղաքականությունում, Գոհար Շահնազարյանը նշեց, որ վերջին տարիներին կանանց ինքնագնահատականն ավելի բարձրացել է, որին նպաստել է նաև քաղաքականությամբ զբաղվելու նրանց ձգտումը՝ հույս հայտնելով, որ  հատկապես երիտասարդների շրջանում՝ պետք է բացառել նմանատիպ կարծրատիպերը: 

Աղավնի Սուքիասյան