Վերջին շրջանում ակտիվացել են «Ժառանգություն» կուսակցությունում տարաձայնությունների մասին խոսակցությունները: Այսօր մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ Արմեն Մարտիրոսյանը շուտով կուսակցության առաջնորդ կդառնա՝ փոխարինելով Րաֆֆի Հովհաննիսյանին:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, արձագանքելով վերը նշված տեղեկատվությանը, նշեց. «Ժառանգություն»-ում տեղի ունեցող զարգացումներն՝ այդ թվում իմ անձի հետ կապված, ես, սովորաբար, իմանում եմ մամուլից: Այն, որ պատրաստվում եմ դառնալ կուսակցության նախագահ, իրականությանը չի համապատասխանում: Նման քննարկումներ կուսակցությունում չեն եղել, և այս պահին հերքում եմ այդ լուրը: Բացի այդ, եթե անգամ նման քննարկում լիներ կուսակցությունում, որևէ տարօրինակ և արտառոց բան չէր լինի: Ես ժամանակին եղել եմ կուսակցության նախագահ»:

 

Պատասխանելով հարցին՝ ինչպես է ինքը վերաբերվում Զարուհի Փոստանջյանի արտահայտությանը, որ, եթե կուսակցությունը դաշինքներով գնա ընտրության, ինքը կթողնի քաղաքականությունը, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Այն, որ Զարուհին նման տեսակետ է արտահայտել, ես տեղյակ չեմ, և կարծում եմ, որ  Զարուհի Փաստանջյանը կմնա «Ժառանգություն»-ում՝ ցանկացած պարագայում:  

 

Հիշեցնենք, որ մամուլում բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ  «Ժառանգություն» կուսակցությունում ընտրություններին դաշինքներով մասնակցելու վերաբերյալ կան հակադիր մոտեցումներ. ասվածի առավել ցցուն օրինակ է Փոստանջյանի տեսակետը. վերջինս բազմիցս կտրականապես դեմ է արտահայտվել դաշինքներին: 

 

Աղավնի Սուքիասյան