«Միասնություն» համազգային շարժման ձևավորումը նոր շունչ և որակ հաղորդեց լճացման մեջ գտնվող հայաստանյան քաղաքական դաշտին: Վաղուց էր հասունացել այն պահը, երբ ասպարեզ կմտնեն իրական ասելիք ունեցող, քաղաքական դաշտում հովանավորներ փնտրելու փոխարեն՝ սեփական ուժերին վստահող, քաղաքական ինտրիգների մեջ չթաթախված, հասարակության կողմից վստահության քվե ստացած ուժերը: «Միասնություն» համազգային շարժման գաղափարները պարզ են և ընդունելի բոլորի համար: «Ով մեր հետ չէ՝ մեր դեմ է» հնացած և ոչ արդյունավետ մոտեցմանը, որով մինչ օրս առաջնորդվում է մեր քաղաքական դաշտը, շարժումը հակադրում է ազգային միասնության, երիտասարդ, հայրենասեր անհատների, կարող ուժերի և նոր մոտեցումների գեներացիայի գաղափարը, որի միջոցով էլ հնարավոր կլինի լուծել պետության առջև ծառացած և օր-օրի ավելացող սոցիալական, քաղաքական, հոգեբանական խնդիրները:

 

Շարժման հիմքում նորն է. քաղաքական դաշտում առողջ սերնդափոխության և նոր գաղափարների, մոտեցումների ընդհանրացումը: Հենց սա է թերևս շարժմանը բազմաթիվ երիտասարդների միանալու պատճառներից մեկը: Բացի այդ, գաղտնիք չէ, որ մեր երկրում տասնյակ տարիներ շարունակ արհամարհվում է այս կամ այն ոլորտում առկա խնդիրների շուրջ բարձրաձայնվող փորձագիտական կարծիքը: «Միասնություն» համազգային շարժումը կարծես կոտրել է քաղաքական դաշտի նաև այս սառույցը: Դրա վկայությունն են տարբեր ձևաչափերով պարբերաբար կազմակերպվող քննարկումները, որտեղ փորձագիտական համայնքը ի վերջո հնարավորություն է ստանում մասնագիտական գնահատականներ տալ և համափարփակ լուծումներ առաջարկել երկրում առկա բազմաթիվ խնդիրների հաղթահարման համար:

 

Ի տարբերություն քաղաքական դաշտի մյուս խաղացողների, որոնք մասնագիտացված են միայն խոսելու մեջ, նոր ձևավորված շարժումը ցույց է տալիս իր լսելու ունակությունը և պատրաստակամությունը:

 

«Միասնություն» համազգային շարժումը կատարում է քաղաքական դաշտում իր առաջին, բայց վստահ քայլերը, ինչի մասին վկայում է շարժման նկատմամբ ձևավորված հասարակության լայն շերտերի դրական ընկալումը և համակրանքը: Հաշվի առնելով, որ հասարակության վստահությունը ամենամեծ քաղաքական կապիտալն է, ապա արդեն իսկ կարող ենք ասել, որ «Միասնություն» համազգային շարժումը լուրջ հայտ է ներկայացնում քաղաքական դաշտում և' որպես երիտասարդ, և' նոր մոտեցումներ, լուծումներ առաջարկող ուժ' կարող է իրական այլընտրանք հանդիսանալ դաշտում գոյություն ունեցող, սակայն իրենց գոյությունը երևէ կերպ չարդարացնող մնացյալ քաղաքական ուժերին:

Ս. Խ.