Դեկտեմբերի 25-ին, ժամը 05.27-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 33ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Lexus» մակնիշի 35 CR 758 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' 1991 թ. ծնված Ա. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել նորակառույցի շինհրապարակի թիթեղյա պարսպին և մոտ 30 մ վնասելով այն' կրկին հայտնվել երթևեկելի հատվածում:

 

ՃՏՊ-ի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Արմենիա» ՀԲԿ են հոսպիտալացվել վարորդը և ուղևոր՝ 1991 թ. ծնված Է. Ա.-ը: Մյուս ուղևորին՝ 1991 թ. ծնված Ս. Ս.-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբի պարամեդիկը տեղում ցուցաբերել է առաջին օգնություն, տուժածը այնուհետև ՃԿԱԿ ՕԽ-ի ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

 

Բժիշկները Է. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, մյուսներինը' բավարար: