Դեպի Հայաստան և Հայաստանից դուրս բեռնափոխադրումներ իրականացնողները հայտնվել են կաթվածահար վիճակում: Հայաստան ներմուծվող բեռները շաբաթներով արգելափակված են մնում Լարսում: Սա, առանց այն էլ տնտեսական ակտիվության ցածր սանդղակ ունեցող մեր երկրի համար, լուրջ խնդիր է: Տնտեսվարողներն օգտվում են տոնական օրերից՝ փորձելով ավելի շատ ապրանք ներկրել և արտահանել, իսկ նման արգելափակումների, շուկայում մատակարարումների ուշացման հետևանքով նկատելի է գների աճ, և, ցավալի է, որ այս իրավիճակը շարունակվում է տասնյակ տարիներ:

Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ, ով նշեց, որ այո՛, Վերին Լարսի անցակետում բեռնափոխադրող մեքենաների արգելափակման հետևանքով ներքին շուկայում նկատվում է գների աճ՝ ընդհուպ մինչև 20 տոկոս:
«Լարսի անցակետում բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների կուտակումները ներքին շուկայում առաջացնում են դեֆիցիտ, որը բերում է գների բարձրացման»:

Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ սա տարիներ շարունակվող խնդիր է, և այն պահանջում է արմատական լուծում. «Մեր պետությունը պետք է Վրաստանի և Ռուսաստանի հետ համաձայնեցնի նոր, ավելի ապահով և անվտանգ ճանապարհի կառուցման խնդիր՝ բացառելով ամեն տարի շարունակվող այս անցանկալի երևույթը»:

Խոսելով Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստանում տնտեսվարողների կրած կորուստների մասին՝ տնտեսագետը նշեց, որ հստակ վերլուծություններ չկան, թե գործարարների կրած կորուստներն ի՞նչ չափերի են հասնում, բայց փորձագետների գնահատմամբ՝ ուշացումների և ներքին սպառման ապրանքների դեֆիցիտի հետևանքով շուկայում նկատվում է մինչև 20 տոկոս գնաճ, առանձին դեպքերում կարող է նաև գնաճ չարձանագրվել:

Մեզ հետ զրույցում տնտեսագետը նշեց, որ տրանսպորտային հաղորդակցությունը տնտեսության մրցունակության վրա զգալի ազդեցություն ունի, և պետք է մշակել այնպիսի համակարգ, որ բոլոր գործարարները կարողանան հնարավորությունները ճիշտ օգտագործել:

Խոսելով պետության անելիքների մասին՝ վերջինս կարծիք հայտնեց, որ մեր պետությունն այս հարցում, ոչ թե անտարբեր է, այլ առավել ակտիվ գործելու անհրաժեշտություն ունի:

«Հայաստանը պետք է զարգացնի տնտեսական դիվանագիտությունը, և մենք պետք է կարողանանք տնտեսագիտական դիվանագիտության գործիքակազմն օգտագործել՝ շահագրգռելով Վրաստանին և Ռուսաստնին ՝ի օգուտ մեզ հանգուցալուծելու այս խնդիրը: Այս առումով Հայաստանի կառավարությունը պետք է նախահարձակ լինի»:

Վերջում պարոն Մանասերյանը նկատեց, որ խնդրի լուծման համար դեռ տարիներ առաջ Հայաստանի համար նավահանգստի վարձակալման հայեցակարգ էր մշակվել, որը կյանքի չկոչվեց: «Հիմա խնդրի լուծման լավագույն ելքն այն կլինի, որ մենք Սև ծովի ափին ունենանք հայկական նավահանգիստ, և առանց քմահաճույքների կարողանանք մեր բեռների տեղափոխումն իրականացնել անխափան»:


Աղավնի Սուքիասյան