Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում նախարարը ներկայացրեց տարվա ընթացքում բնապահպանության նախարարության իրականացրած աշխատանքները:  

 

Բնապահպանության նախարարն անդրադարձավ նաև բնապահպանության ոլորտում առկա լուրջ հիմնախնդիրներին, որոնք դեռևս լուծված չեն: Արծվիկ Մինասյանը նշեց դրանք.

 

«Մեր կողմից ախտորոշված խնդիրներն են՝ առկա են համակարգային կոռուպցիոն ռիսկեր, ոլորտի օրենսդրության իրավակիրառկումը բավարար չէ, բացակայում է շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կառավարման էկոհամարգային մոտեցումը, բնական կապիտալի և էկոհամակարգի ծառայությունների տնտեսական արժեքային գնահատման համակարգը բացակայում է, չկա շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների միասնական պետական մոնիտորինգի տեղեկատվական և կառավարման համակարգ, ցածր հասցեականություն ունի բնապահպանական և բնօգտագործման վճարներից գոյացող ֆինանսական միջոցների օգտագործման չափը, ձևավորված չէ բնապահպանական թույլտվությունների միասնական համակարգը, բնապահպանական վերահսկողական համակարգի արդյունավետությունը խիստ ցածր է, ջրավազանային կառավարումն իրականացվում է ցածր արդյունավետությամբ, ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը շարունակում է գտնվել ցածր մակարդակում»,- ասաց նախարարը և հավելեց. «բնության պահպանվող հատուկ տարածքների կառավարման համակարգերը այսօր այս վիճակում անարդյունավետ են»:

 

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ որպես այս ամենի հետևանք՝ չեն կարողանում լիարժեք պայմաններ ստեղծել որպեսզի քաղաքացիները սահմանադրությամբ երաշխավորված իրենց իրավունքով առողջ, անվտանգ շրջակա միջավայրում ստեղծեն, ապրեն, արարեն:

 

Նախարարը փաստեց՝ սկզբունքային նշանակության հարց է, որ թույլտվությունների տրամադրման համակարգի բարդացվածության և ոչ համակարգված լինելու պատճառով քաղաքացիները և գործարարները հաճախ խուսափում են առնչվել այսպիսի երևույթների հետ կամ առնչվելու դեպքում հայտնվում են կոռուպցիոն հարաբերությունների մեջ:

 

Սոնա Հարությունյան