Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: 

Հարցին՝ «Դաշնակցության» պատգամավոր եք, Ձեր գործունեության արդյունքում «Դաշնակցություն»-ն ի՞նչ է ակնկալում, հնարավո՞ր է՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում որոշակի ձայների քվե ապահովվի հենց Ձեր գործունեության արդյունքում, նախարարը պատասխանեց.

«Որպես դաշնակցության պատգամավոր և ներկայացուցիչ, բնականաբար, լինելով քաղաքական պաշտոնում նշանակված անձ և լինելով «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամ, ես ակտիվորեն ոչ միայն պետք է մասնակցեմ առաջիկա ընտրություններին, այլև իմ կուսակցության մոտեցումները և գաղափարներն առաջ տանեմ: Ինչպես հայտարարել եմ տարվա սկզբում, երբ նշանակվեցի նախարար, ինձ համար առաջնորդող երեք փաստաթուղթ կա՝ խմբագրված սահմանադրությունը, հանրապետության նախագահի փետրվարի 12-ի ելույթը, և այն հուշագիրը, որ ստորագրվել է երկու քաղաքական ուժերի միջև: Այս բոլոր փաստաթղթերով հանդերձ՝ կա հստակ տեսլական՝ տեսնել Հայաստանն ավելի բարեկեցիկ, շրջակա միջավայրի տեսակետից ավելի բարելավված և կայուն զարգացում երաշխավորող համակարգերով, որոնք վերաբերում են բոլոր ուղղություններին»:

Նախարարը շեշտեց, որ բնական է՝ իրենց ընտրողների մի զգալի հատվածը պայմանավորված է լինելու նաև այն կուսակցության պատասխանատուի աշխատանքով, որը կառավարության անդամ է և որի վարքագիծն ուղղակիորեն կապված է հենց կուսակցության վարքագծի հետ: Նախարարը վստահեցրեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի իրենց ընտրողները, քաղաքացիները տեսնեն՝ այն ինչ հայտարարվում է «Դաշնակցության» կողմից՝ ոլորտային քաղաքականության առումով, դրական զարգացում եթե չկա էլ, առնվազն՝ նահանջ չկա: 

Սոնա Հարությունյան