ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է կամավորական ջոկատների հրամանատարների հետ:

Կարևորելով համագործակցության շարունակականությունը՝ Վիգեն Սարգսյանը մեկ անգամ ևս հայտնել է խնդիրներն ու իրավական դաշտում հնարավոր բացթողումները միասնաբար քննարկելու, փոխգործակցությունը միանգամայն նոր, առավել բարձր հիմքերի վրա դնելու իր պատրաստակամությունը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է անել հնարավորը՝ մարտական գործողությունների մասնակիցների սխրանքներն ու հայրենանվեր գործունեությունը հասարակությանը առավել հանգամանալից և պարբերաբար ներկայացնելու, մատաղ սերնդին նրանց օրինակով ոգեշնչելու և դաստիարակելու համար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախորդ հանդիպումների ընթացքում բարձրաձայնված խնդիրների շտկման ուղղությամբ կատարված կոնկրետ քայլերին։

Հանդիպման ավարտին նախարար Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն ու երջանկություն և համոզմունք հայտնել, որ 2017 թվականը կլինի նորանոր հաջողությունների և համաժողովրդական ձեռքբերումների տարի: