2016 թվականի ցնցումները՝ ապրիլյան քառօրյա պատերազմ և ՊՊԾ գնդի գրավում:


Ապրիլի 2-5-ը ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները պատմության մեջ կմնան որպես քառօրյա պատերազմ, որը սանձազերծվեց Ադրբեջանի կողմից: Թե ռազմական գործողությունների ծավալով, թե կիրառված զենքի ու զինտեխնիկայի քանակով այն գերազանցում էր անգամ արցախյան ազատամարտը: Հայրենիքի սուրբ հողը պաշտպանելիս հերոսաբար զոհվեցին մի քանի տասնյակ հայորդի զինվորներ, որոնց անունները կմնան հայոց պատմության մեջ՝ որպես հերոսների անուններ: Նրանց սխրանքով դեռ շատ սերունդներ կկրթվեն. Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան, Քյարամ Սլոյան, Անդրանիկ Զոհրաբյան, Ռոբերտ Աբրահամյան, Հովսեփ Կիրակոսյան, Սասուն Մկրտչյան, Ադամ Սահակյան, Մերուժան Ստեփանյան, Աղասի Ասատրյան, Գագիկ Մելքոնյան, Հայկ Թորոսյան, Գոռ Կիրակոսյան, Բենյամին Եղոյան, Նորիկ Գասպարյան, Հրաչ Գալստյան, Հրաչյա Մուրադյան, Դավիթ Հայրապետյան, Ալեքսան Առաքելյան... Անուններ, որոնք հավերժ կմնան, որոնք հայրենասիրության խորհրդանիշ են: 


Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբավորման անդամները զինված հարձակում կատարեցին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վրա: 14 օր գունդը գտնվում էր «Սասնա ծռեր»-ի ձեռքում: Խմբավորման հիմնական պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումն էր:

 

Հենց գնդի գրավման ժամանակ փոխհրաձգության հետևանքով սպանվեց ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը: Ընթանում էին բանակցություններ՝ զինված խմբի ու իշխանությունների միջև: 

 

Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցավ բախում՝ ոստիկանների և հավաքված քաղաքացիների միջև: Հուլիսի 22-ին հայտարարությամբ հանդես եկան ՀՀ առաջին և երրորդ նախագահները: Սարգսյանը իրավապահ համակարգի ղեկավարների հետ քննարկման ժամանակ հայտարարեց, որ  գնդում գտնվող պատանդները պետք է ազատ արձակվեն, իսկ զինված խումբն էլ վայր դնի զենքերը: 

 

Հաջորդ օրը տեղի ունեցավ պատանդների ազատ արձակում և լրագրողների մուտք՝ դեպի գունդ, որտեղ զինված խմբի անդամները ասուլիս էին կազմակերպել: Հաջորդ օրերին տեղի ունեցավ դրամատիկ դեպքեր՝ վիրավորվեցին Պավել Մանուկյանը, նրա որդին՝ Արամ Մանուկյանը, «Միայնակ Գայլը», զոհվեցին ոստիկանության ծառայողներ՝ լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Իսկ արդեն հուլիսի 29-ի գիշերը լարվածություն տեղի ունեցավ քաղաքացիների և ոստիկանների միջև, ընդհուպ՝ մինչև կրկին բախում, որի արդյունքում լրագրողներ վիրավորվեցին, անմեղ քաղաքացիներ տուժեցին, ոստիկաններ վիրավորվեցին: Ընդհանուր առմամբ՝ 73 մարդ տեղափոխվեց հիվանդանոց, որոնցից 67-ը՝ քաղաքացիական անձինք, 6-ը՝ ոստիկաններ: 

 

Հաջորդ օրը զինված խումբը վայր դրեց զենքերն ու հանձնվեց: Ըստ էության, նրանց ոչ մի պահանջ չբավարարվեց: 

 

2016 թվականը, հիրավի, փորձություններով և ցավալի կորուստներով լի տարի էր Հայաստանի համար: 

 

Այս տարի երկարատև հիվանդությունից հետո կյանքին հրաժեշտ տվեցին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը, գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը, դերասանուհի, «Կարգին սերիալ»-ից հայտնի «տիկին Ջեմման»՝ Ժենյա Մկրտումյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Այս տարի կյանքից հեռացավ արցախյան ազատամարտի մասնակից, «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Սամվել Հովսեփյանը, ով հայտնի է Ադմիրալ Սամո մարտական անունով, ՀՀ ժողովրդական երգչուհի Օֆելյա Համբարձումյանը: 


Քրիստինա Աղալարյան